«ՍԴ դատավորները և «պարապության նպաստը»». Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՍԴ դատավորները և «պարապության նպաստը»»
Խնդրանք ՍԴ դատավորներին!
Այսօր խորհրդարանում քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամ ավելի ճիշտ` ՍԴ դատավորների «պարապության նպաստի» վերաբերյալ նախագիծը։ Այս նախագիծը շատ կարեւոր է դիտարկել երեք հարթությունից՝ իրավական, քաղաքական եւ բարոյական։ Եթե հարցը քննարկում ենք բարոյական տեսանկյունից, ապա հարցի հիմնական հասցեատերը ՍԴ դատավորներն են, եւ էական է այն հարցը, թե արդյոք նրանք կշարունակեն դիմակայել, թե ոչ։
Նախագծի հեղինակները պնդում են, որ նախագիծը պատվով կամ արժանապատիվ հեռանալու մասին է:
Ասում են` մարդկանց մեջ այնքան ծիծաղելի չեն այն հատկանիշները, որոնք նրանք ունեն, որքան նրանք, որոնց նրանք հավակնում են: Իշխանության շատ ներկայացուցիչներ են հավակնում այնպիսի հատկանիշների, որ չունեն։ Պատվի ու արժանապատվության մասին խոսելիս թերեւս արժե, որ իրենք իրենց հարց տան թե`
Արժանապատի՞վ է արդյոք, խոսել իրավական պետության մասին, սակայն մասնակցել երկրում այնպիսի դատական համակարգի կերտմանը, ուր Բարձր դատարանի դատավորները հեռացվում են քաղաքական պատճառներով, նրանց ընտանիքի անդամները և իրեն ճնշումների են ենթարկվում քաղաքական պատճառներով և ուր սկզբունքայնությունը համարվում է թերություն, օրենքին ծառայելը` արատ, իսկ հավաքական «Հրաչներից» բաղկացած դատական համակարգը` ինստիտուցիոնալ երազանք ։
Այս համատեքստում, կարծում եմ` ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել՝ զերծ ավելորդ աղմուկից եւ պաթոսից։ Ուստի ես՝ որպես ՀՀ քաղաքացի ԽՆԴՐՈՒՄ եմ`
• ՍԴ դատավոր պարոն Արայիկ Թունյանին`
Շարունակեք այն պարկեշտ ու բարոյական ուղին, որ անցել եք ձեր կյանքի ընթացքում, դիմակայեք այն ճնշումներին, որոնք կիրառվում են Ձեր հանդեպ` կապված Ձեր որդու ծառայության հետ և ոչ միայն,
• ՍԴ դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանին`
Շարունակեք իրական դատավորի կոչմանը հավատարիմ Ձեր արժանավոր ուղին, դիմակայեք բոլոր ճնշումներին ու ցույց տվեք Ձեր վերաբերմունքը էժան հնարքներին( բարձր պաշտոնի շինծու խոստում և այլն)
• ՍԴ դատավոր պարոն Աշոտ Խաչատրյանին
Շարունակեք ցուցաբերել կամային բարձր հատկանիշներ, չընկրկել այն ճնշումներից, որոնք Ձեր վրա գործադրվում են` Ձեր որդիների տարբեր գործունեությունների հետ կապված
• ՍԴ դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանին
Շարունակեք որպես սկզբունքային եւ ուժեղ կին ամուր մնալ ու դիմակայել բազմաթիվ ճնշումների` օրինակ ծառայելով Ձեր դստեր համար
• ՍԴ դատավոր պարոն Ֆելիքս Թոխյանին
Դիմակայեք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների հետ կապված տարբեր շանտաժներին ու ճնշումներին, ապացուցեք, որ ՍԴ դատավորների վերաբերյալ իշխանական քարոզչամեքենայի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում
• ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին
Շարունակե՛ք: Ուղղակի նույն կերպ շարունակեք:
Հարգե՛լի տիկնայք և պարոնայք
Շարունակեք բարձր պահե՛լ ամենաթանկը` ձեր արժանապատվությունը ու դուք կգնահատվեք` պատմության ու սերունդների կողմից: Ձեր անցած ուղու վերջաբանը իշխանության կողմից ձեզ առաջարկվող անփառունակ «պարապության նպաստը» չէ` ՀՀ քաղաքացիների հաշվին:
Պատմությունը գլխիկոր հեռացածներին համարելու է ոչ թե պատվով հեռացածներ, այլ նպաստի համար ամենակարեւոր մարտի ժամանակ ՊԱՏԻՎ ՎԱՃԱՌԱԾՆԵՐ։ Ավելին` ցանկացած հաջորդ իշխանություն վերացնելու է «պարապության» նպաստը, որովհետեւ չի կարող ՀՀ քաղաքացու հաշվին ոչինչ չանելու համար միլիոններով նպաստ ստանալը դիտվել իրավաչափ ու բարոյական որևէ իշխանության դեպքում։
Հ.Գ. Ակնհայտ է, որ ոչինչ չանելու համար գումար տալը նորմալ է այս իշխանության համար, քանզի իրենք նշանակել են ՍԴ դատավոր (Վահե Գրիգորյան), ով բյուջեից ոչինչ չանելու համար արդեն ամիսներ շարունակ գումար է ստանում ու արհեստական «ճգնաժամ» հորինում: Պարապության նպաստի իրական շահառուն հենց նա է:
Հ.Գ.1 Իրավական ու քաղաքական հարթություններին կանդրադառնամ առաջիկայում: Դրանց հասցեատերը Արմեն Սարգսյանն ու իշխող քաղաքական ուժն են»: