1998-ին բնակչության մի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ վերնախավին․ Ռոբերտ Քոչարյան. hraparak.am
Hraparak.am-ը գրավոր հարցեր էր ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և տեղադրում է նրա ծավալուն հարցազրույցից մի հատվածը․
««Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «Պողոսների» թերաժեք հոգեվիճակի մասին: Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելը անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես ՀՀՇ ամբողջ վերնախավին:
Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած Նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաները արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ:
Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքերից չի կարող ստեղծարար լինել: Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները որպես կանոն ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել չի հիշատակվում ընդհանրապես»: