«Եթե Ալեն Սիմոնյանը խոսում է անցյալի մասին, թող հիշի՝ Մուկուչյանը ո՞ր իշխանության ներկայացուցիչ է եղել». Իվետա Տոնոյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր իր ելույթում անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, թե կան ավերակ վիճակում գտնվող դպրոցներ, իշխանությունը փող չունի այդ դպրոցները վերանորոգելու համար, սակայն հարկատուների վճարած հարկերից 650 միլիոն դրամ է առաջարկում տալ Սահմանադրական դատարանների դատավորներին՝ նրանց վաղ կենսաթոշակի ուղարկելով, նշեց, որ, այո, դպրոցներն այդ վիճակում են, այնուհետև հարցադրում արեց՝ ինչո՞ւ են այդ վիճակում: «Արդեն 30 տարվա անկախություն ունենք, այդ վիճակում են, որովհետև դուք Հանրապետականի հետ այստեղ նստած՝ կնոպկա եք սեղմել»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն  անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ նկատեց՝ անհասկանալի է ժամանակ առ ժամանակ դրսևորվող այդ ոգևորությունը, մասնավորապես՝ ԲՀԿ-ի հետ կապված:

«Ընդհանրապես չեմ հասկանում, թե որն է անցյալի դեմ այս հետևողական պայքարի նպատակը: Հանրապետականներն արդեն վաղուց իշխանության չեն, և, բնականաբար, ո՞րն է նպատակը՝ անընդհատ և ամեն անգամ հիշել ու վերհիշել անցյալը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի իր հստակ քաղաքական օրակարգը և առաջնորդվում է դրանով: Եթե որոշենք անցյալից ինչ-որ մեջբերումներ ու դրվագներ հիշեցնել, ապա, վստահաբար, մենք ևս փայլուն հիշողություն ունենք և կարող ենք շատ բան հիշեցնել, բայց դա չենք անում, որովհետև չենք կարծում, որ մեր ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցերն այդպես անցյալին ակնարկներ կատարելն է»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող այն կարծիքներին, որ Սահմանադրական դատարանն անցյալից մնացած մի կառույց է, որի դեմ պետք է պայքարել, ապա Իվետա Տոնյանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք ՍԴ-ն և ՍԴ-ի դատավորներն անցյալից ներկայիս իշխանություններին մնացած միակ կառույցն ու պաշտոնավարողներն են, արդյո՞ք ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը նույն անցյալի ամենակարևոր դերակատարներից մեկը չէ, որն այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը ծավալել իր պաշտոնում:

«Այնպես որ, կարծում եմ` այդ շարքը շատ երկար կարելի է շարունակել, ընդհուպ նաև՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների, նախարարների, այլ կառույցների ղեկավարների և, ինչպես նշեցի, նաև անցյալից մնացած շատ խոշոր գործիչ Տիգրան Մուկուչյանի գործոնը»,- հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը երևի բավարար չափով ուշադիր չի եղել թե՛ իրենց ելույթներին,  թե՛ Սահմանադրական դատարանի կամ դատավորների մասին հնչեցրած  գնահատականներին:

«Վստահաբար և ըստ նպատակահարմարության՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բավարար չափով անդրադարձել է և՛ Սահմանադրական դատարանին, և՛ ընդհանրապես արդարադատության համակարգի հանդեպ  անվստահության հանգամանքին, սակայն կրկնում եմ` մեզ համար երբևէ արդարադատությունը չի կարող լինել ընտրովի, այսինքն` չի կարող լինել ըստ «սիմպատիաների», կամ ըստ նախասիրությունների: Մենք ինչի՞ մասին ենք խոսում. նախորդ անգամ, երբ խորհրդարանական մեծամասնությունը նախաձեռնություն էր ներկայացնում Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ, մենք մեր հիմնավոր կասկածներն ունեինք  այդ փաստաթղթի օրինականության վերաբերյալ և ասում էինք, որ փաստաթուղթն իրավական առումով խոցելի է: Եվ հենց դրա հետ կապված էր մեր վերապահումները, և արդյունքում, այո, փաստաթուղթը, իրավական առումով ապացուցվեց Սահմանադրական դատարանի կողմից, որ ծայրից ծայր խոցելի է: Հիմա բերվել է մի նախագիծ, որը մեզ համար երիցս անընդունելի է, և կրկնում եմ` այստեղ խնդիրը բացարձակապես անհատները չեն, բացարձակապես, Սահմանադրական դատարանի նախագահը կամ անդամները չեն:

Հենց նույն արդարադատության նախարարը նշում է, որ նրանց հանդեպ կա անվստահություն, այդ անվստահությունը նշանակում է, որ նրանք իրենց գործառույթները չեն կատարում օրենքով սահմանված կարգով: Այդ դեպքում ինչի՞ համար է նրանց տրամադրվում շուրջ 700 մլն թոշակ: Նրա համար, որ իրենք չեն կատարում իրենց գործառույթները: Կրկնում եմ` մենք այստեղ փաստաթղթերի օրինականության հետ կապված վերապահում ունենք: Բոլորի համար հասկանալի է, որ այստեղ ընդամենն անցանկալի դատավորներից ձերբազատվելու և հլու ու հնազանդ դատավորներով Սահմանադրական դատարանը համալրելու քաղաքականություն է վարվում, և սա պարզապես նույն Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված և ձախողված խայտառակ նախագծի տրամաբանական շարունակությունն է»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս