
Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը, որին մասնակցում էր ավելի քան 250 հայ մարզիչ և եվրոպացի բարձրակարգ մասնագետ:
Այս մասին գրում է ֆուտբոլի ֆեդերացիան: Առաջինը ելույթ ունեցավ ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, ով խոսեց նախորդ տարում ՖԻՖԱ-ի կողմից ընդունված ֆուտբոլի կանոնների թարմացված կետերի, ինչպես նաև տեսակրկնապատկերի համակարգի (VAR – Video assistant referee) մասին: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պես, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն էլ նշեց, որ Հայաստանում արդեն սկսվել են աշխատանքներն այդ համակարգը Հայաստանում տեղադրելու ուղղությամբ:
Իսպանիայի կանանց Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ Պեդրո Լոպեսը խոսեց կանանց ֆուտբոլի զարգացման միտումների մասին:
Իսպանացի անվանի մարզիչ, Ժոզե Մոուրինյոյի երկարամյա օգնական Այտոր Կարանկան և թիմերի կառավարման և մարտավարության մագիստրոս Խուան Խոսե Վիլյան խոսեցին ինտեգրալ մարզումային գործընթացի մասին: ՈՒԵՖԱ մարզչական կրթության բաժնի պետ Ֆրանկ Լուդոլֆը ներկայացրեց ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիան:
Օրվա վերջում փակման խոսքով հանդես եկավ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այնուհետև ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՊՐՈ արտոնագրեր հանձնեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի վերջին դասընթացի մասնակից 4 մարզիչների, ովքեր ներկա էին միջոցառմանը: