Բաժիններ՝

Կիևում գնահատել են Փարիզի բանակցությունների արդյունքները

«Նորմանդական գագաթնաժողովի» անցկացումն Ուկրաինայի նախագահի դիվանագիտական հաջողությունն է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսանդր Գոնչարուկը Facebook-ի իր էջում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկարատեւ ընդմիջումից հետո պաշտոնական Կիեւի մասնակցությունը բանակցություններին մեծ առաջընթաց է դարձել Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Գոնչարուկը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարը կշարունակի պայքարել հանուն խաղաղության եւ «հանուն Ուկրաինայի տարածքների վերադարձման»:
Վարչապետը կարծում է, որ գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններից ամենագլխավորը կալանավորների եւ բռնված անձանց փոխանակումն է «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Նա նշել է, որ «72 ուկրաինացիներ կարող են շուտով վերադառնալ տուն»:

Գոնչարուկը հավելել է, որ բաց է մնում Կիեւի կողմից Դոնբասում ռուս-ուկրաինական սահմանի հատվածի նկատմամբ վերահսկողության վերականգնման հարցը: «Ուկրաինայի դիրքորոշումն է՝ նախ լիակատար անվտանգություն, որը չի կարող գոյություն ունենալ առանց սահմանի նկատմամբ վերահսկողության: Այնուհետեւ ընտրություններ: Այս թեման վերստին տեղ կգտնի 4 ամիս անց հաջորդ հանդիպման օրակարգում»,- գրել է նա:

Դրա հետ մեկտեղ իր Telegram-կանալում ուկրաինացի քաղաքական գործիչը, գնահատելով բանակցությունների արդյունքները, ընդգծել է, որ «Վլադիմիր Զելենսկու թիմը Փարիզում լուրջ քայլ է կատարել Դոնբասում պատերազմի ավարտման ուղղությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս