«Վրացական երազանքը» լքում է ևս մեկ պատգամավոր, տարեսկզբից՝ արդեն 16-րդը
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Էրկվանիան հայտարարել է երկրում վերջին իրադարձությունների պատճառով խորհրդարանական մեծամասնությունից հեռանալու մասին։
Էրկվանիան Վրաստանի իններորդ գումարման խորհրդարան էր անցել կառավարող կուսակցության ցուցակներով: Նա դարձել է 16-րդ պատգամավորը, որը տարեսկզբից հեռացել է խորհրդարանական մեծամասնությունից: Նրանցից շատերը հեռացել են 2020 թվականից խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական ուղղումների՝ նոյեմբերի 14-ի ձախողումից հետո:
«Ցավոք, բնակչության մեջ տիրում է նիհիլիզմն ու անհուսությունը: Մեծամասնությունը թերահավատ է երկրի ապագայի նկատմամբ, ամեն տեղ լուրջ խնդիրներ են ու լճացում: Երկրում ամեն օր խորանում է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը, լիակատար քաոս է ու խառնաշփոթություն: Իսկ քաղաքական գործիչները պատասխանատվություն չեն կրում Աստծո, ազգի ու երկրի առջեւ: Պայքար է ընթանում միայն իշխանության, փողի եւ անձնական բարեկեցության համար»,-լիագումար նիստից հետո լրագրողներին ասել է Էրկվանիան:
Էրկվանիան չի պատրաստվում լքել խորհրդարանը: Նա որոշել է աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, հաղորդել է Sputnik-ը: