«Մի հատ գտեք, էլի, ձեզ…». Արարատ Միրզոյանը՝ «Լուսավոր Հայաստանին»

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի շուրջ քննարկումները որակեց չափազանց կարևոր և տեղին համարեց համառոտ ակնարկ անել «Իմ քայլի», ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, վհուկների և իրենց առաքելության մասին։

«30 տարի հասարակությունը սրտատրոփ սպասել է, թե  ե՞րբ է, ի վերջո, Հայաստանում հայտնվելու մի ուժեղ ձեռք, արդար ուժ,  որը կսրբի-կտանի այն վհուկներին, որոնք կեղեքում են, թալանում են Հայաստանի բնակչությանը և բոլոր ինստիտուտները՝ բանակը, թոշակառուներին և ամեն ինչ։ Եվ ահա,  հայտնվում է մի քաղաքական ուժ, որը հայտ է ներկայացնում դա անել և անել յուրովի՝ անել բաց ձեռքերի հեղափոխություն, իսկ դրա համար էլ արժանանում է ծաղրանքի, որովհետև մինչ այդ ասում էին, որ միայն զենքով  է հնարավոր հեղափոխություն անել»,- ասաց  Արարատ Միրզոյանը։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ հեղափոխությունն այլևս իրականություն է, և հիմա իրենք պետք է օրինականության սահմաններում բռնեն բոլոր վհուկներին, դա պետք է անեն օրինականության սահմաններում, միջազգային պարտավորությունների շրջանակում, որպեսզի «աչքը սարքելու տեղը՝ ունքը չհանեն, և չստացվի վհուկների որս»։

Արարատ Միրզոյանն իր ելույթում նաև դիմեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծին դեմ արտահայտվող ԲՀԿ-ական և ԼՀԿ-ական պատգամավորներին։

««Բարգավաճ Հայաստանի» մասին. հարգելի՛ գործընկերներ, մենք հայտարարում ենք նոր խաղի կանոնների, նոր Հայաստան կառուցելու, իրար թև ու թիկունք լինելու մասին, բայց դուք, իմ տպավորությամբ, գնում եք դեպի հին մոտիվացիաներ, որի կարիքը չկա։ Մենք ձեզ ձեռք ենք մեկնել։ Մի՛ տրվեք հին խաղերին, հին մոտիվացիաներին, դա լավ բանի չի հանգեցնելու, մի՛ պահեք որևէ բաստիոն հին, կոռումպացված Հայաստանից։ «Լուսավոր Հայաստանի» մեր հարգելի գործընկերներ, մենք շատ հարցերում համակարծիք ենք եղել, այնքան համակարծիք, որ եղել ենք խորհրդարանական խմբակցություն։ Մենք ասում ենք՝ սենց ա ճիշտ, իսկ հենց գալիս է անելու պահը, դուք ասում եք՝ «վույ-վույ, աման-աման»։ Մի հատ գտեք, էլի, ձեզ, հենց գալիս եք, հասնում առվին, ասում եք՝ չէ, կթրջվեք»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս