«Ժողովուրդ ջան, ո՛չ, նրանց քաղաքական էջը փակված է, չվախենա՛ք այլևս ուրվականներից». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն մեղադրանքին, թե դպրոցներ չեն վերանորոգվել, որովհետև իրենք ՀՀԿ-ի հետ մշտապես եղել են «կնոպկա սեղմողներ»։

«Հերիք չէ՞ գոյություն չունեցող քաղաքական ուժերի ուրվականներով, որոնք, իմ վստահ համոզմամբ, քաղաքական ռեինկարնացիայի շանս չունեն, վախեցնեք ու ասեք, որ` այ, եթե մեզ չլսեք և մեր ասածը չանեք, ուրվականները կվերադառնան։ Ժողովուրդ ջան, ո՛չ, նրանց քաղաքական էջը փակված է, չվախենա՛ք այլևս ուրվականներից»,- ասաց Զոհրաբյանը։

Խոսելով  ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին՝ Զոհրաբյանը նկատեց, որ առաջարկվում է, իրենց ասած հանցագործներին, որոնց պետք էր այրել կրակի վրա,  պարգևատրել ու դարձնել էլիտար կենսաթոշակառուներ։

«Առաջարկում են, որ իրենց ասած՝ հերետիկոս Հրայր Թովմասյանը ստանա ամեն ամիս 1 միլիոն 375 հազար դրամ էլիտար թոշակ, իսկ մնացած մանր-մունր  հերետիկոսները՝ 1 միլիոն չգիտեմ որքան թոշակ։ Հարգելի՛ հայրենակիցներ, դուք համաձա՞յն եք, որ այսօր ունենք բազմաթիվ կենսական առաջնահերթ խնդիրներ, ահա այս հանցագործներին տաք նման էլիտար թոշակ»,- ասաց  Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այս նախագծին։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս