Համազասպ Դանիելյանը վարչապետից որևէ հրահանգ չի ստացել
«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ «Իմ քայլը» իշխանական խմբակցությունում տրոհումներն այնքան ակնհայտ են, որ անգամ որոշ «իմքայլականներ» կարծում են, որ Փաշինյանը մտադրություն ունի պառլամենտը ցրել` սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, որով կանցնենք կիսանախագահական կառավարման: «Վարչապետը հանձնարարել է Համազասպ Դանիելյանին` արագ ռեժիմով, մինչև տարեվերջ ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքները և ներկայացնել ԱԺ, ընդ որում՝ հանձնարարված է նաև վերանայել պառլամենտում որակյալ մեծամասնության թեզը, ինչը, եթե անկեղծ, չենք հասկանում, թե ինչու»,- թերթին պատմել են «Իմ քայլից»:
168.am-ը Համազասպ Դանիելյանից հետաքրքրվեց, թե օրենքների հետ կապված ի՞նչ հրահանգ է ստացել վարչապետից, և արդյո՞ք մինչև տարվա վերջ դրանք կհասցնեն ներկայացնել խորհրդարան:
«Կարծում եմ՝ առնվազն մի 10 տարբեր հարցազրույցներ, ելույթներ կարող եք տեսնել, երբ մենք աշխատանքային խմբի շրջանակներում ասել ենք, որ կուսակցությունների և ԸՕ-ի մասին օրենքները ներկայացնելու ենք աշնանային նստաշրջանի ավարտին: Կարծեք թե մենք մեր ժամանակի մեջ տեղավորվում ենք, աշնանային նստաշրջանի վերջում, կամ հնարավոր է՝ հունվարի սկզբին մենք կունենանք կուսակցությունների մասին օրենքը, որը փաթեթ է լինելու և որտեղ աղերսներ կլինեն Ընտրական օրենսգրքի հետ կապված: Դա չի լինելու ամբողջ ԸՕ-ի փոփոխություն, այստեղ հրահանգելու որևէ խնդիր չկա»,- ասաց Համզասպ Դանիելյանը:
Նա նաև ընդգծեց, որ երեկ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջագային օրվան նվիրված միջոցառման բանախոսներից մեկը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բանախոսներից է եղել նաև ինքը, Հանրապետության հրապարակում քայլելիս հանդիպել է վարչապետին՝ բարևել են իրար և խոսք փոխանակել՝ երկու նախադասություն, ռևֆորմների ընթացքի հետ կապված որևէ հրահանգ չի եղել:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ խորհրդարանը ցրելուն և կիսանախագահականի անցնելուն, Համազասպ Դանիելյանը նկատեց՝
«Նման բաները պարզապես մեկնաբանելու արժանի չեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում