Իշխանությունը գայթակղո՞ւմ է ընդդիմությանը
Ինչպես հայտնի է` վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայ Հեղափոխական Դաշնակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Օրերս հայտնի դարձավ, որ ՀՅԴ ԳՄ որոշմամբ` երեք հոգի արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ Այս փաստն իշխանական քարոզչամեքենայի աչքից չէր վրիպել, և Դաշնակցությունից հեռացվածներին շատ «կազմակերպված» հյուրընկալեցին Հանրայինի տաղավարում։
«168 Ժամ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս հեռացման վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հիշյալ ՀՅԴ-ականների՝ կուսակցության շարքերը լքելու գայթակղությունը տեղի է ունեցել իշխանական մատույցներից, իսկ ավելի կոնկրետ նրանց կուսակցության շարքերը լքելու և կուսակցության ներսում այլախոհ գաղափարներ բարձրաձայնելու համար պետական ապարատում աշխատանք են խոստացել՝ բավական բարձր աշխատավարձով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով իշխանությունները փորձել են ՀՅԴ ներսում բևեռացումներ ստեղծել, որպեսզի հետագայում ամբողջական թիմը սկսի հատվածական գործել և կորցնի իր արդյունավետությունը։
Ըստ էության, այսօր ունենք մի իրավիճակ, երբ պետական մակարդակով, փաստորեն, խրախուսվում է դավաճանությունը, իշխանությունները փաստացի չեն հասկանում, որ նման կերպ հարցերին իրավիճակային լուծումներ տալով՝ ռումբ են դնում սեփական իշխանության տակ։
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ իշխանությունները փորձել են սեպ խրել նաև Դաշնակցության հայաստանյան և Սփյուռքի որոշ կառույցների միջև, սակայն ջանքերն ապարդյուն են անցել։