Չհաջողված մոդելի հետևից՝ հաջողության ակնկալիքով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում սկսեց քննարկվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին կառավարության նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի գնալ` բոլոր լիցենզիաներով հանդերձ, եթե մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնեն:

Այդ դեպքում մինչեւ իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրանց կհատկացվի կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Եվ մինչ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատրաստվում էր գալ խորհրդարան եւ դիմանալ ընդդիմադիր խմբակցությունների հակափաստարկներին ու հարցերին, առավոտյան նրան տհաճ անակնկալ մատուցեց իր գործընկերը:

Մասնավորապես, երեկ` Երեւանում անցկացված հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի շրջանակներում ելույթ ունենալիս, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, անդրադառնալով նաեւ վաղ կենսաթոշակի գաղափարի իրականացմանը, հայտարարեց, որ Վրաստանում այն չի աշխատել: «Վրաստանում կառավարությունը գործող դատավորներին առաջարկում էր թոշակի անցնել եւ լքել պաշտոնը: Որոշ դատավորներ իսկապես ուրախ էին նման որոշման համար եւ կամավոր արեցին դա, մյուսները` հրաժարվեցին», – նշեց փոխվարչապետը` ընդգծելով, որ այդ մեխանիզմն այնտեղ չի աշխատել, քանի որ իրենք հասկացան, որ ճիշտ կլինի ոչ թե անձերի, այլ օրենքների փոփոխություններ անել:

Եւ ուշագրավն այն է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում ելույթ ունենալիս կրկին հղում էր անում վրացական օրինակին` ասելով, որ շատ են այդ փորձն ուսումնասիրել եւ բերված կարգավորումը համընկնում է Վրաստանի փորձի հետ:

Նիստի ավարտից հետո թերթը փորձեց այս առիթով մեկնաբանություն ստանալ նախարարից, սակայն նա շատ կտրուկ չցանկացավ առերեսվել իրականության հետ եւ հրաժարվեց հարցին պատասխանել: Իսկ, ահա, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, այդ հարցով հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց.

«Չաշխատելու իրավիճակը հետեւյալն է եղել, ես, համենայնդեպս, այդպես եմ հասկացել: Ասում է` մեզ մոտ մի մասը դիմել է, մյուս մասը` ոչ, եւ արդյունքում չաշխատեց: Եվ ես ենթադրում եմ, որ նա նկատի է ունեցել հենց այդ հանգամանքը, որ, օրինակ, նախկին վատ կամ կասկածելի կադրերի փոխարեն չեն եկել նոր կադրեր, բայց դա չի նշանակում, որ մոդելը սխալ է»: Այսպիսով, ՍԴ դատավորների հարցը լուծելու համար, մի կողմից, Արդարադատության նախարարությունը օգտվել է Վրաստանի օրինակից, մյուս կողմից՝ Վրաստանի փոխվարչապետն ասում է՝ մենք ձախողել ենք: Արժե՞ արդյոք գնալ այլոց ձախողված ճանապարհով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս