Բաժիններ՝

Աննա Հակոբյանն այցելել է Մարտունու «Ոսկեփորիկ» կենտրոն, Մեծ Մասրիկի դպրոց և մանկապարտեզ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, կենտրոնում տարատեսակ բուժում են անցնում մանկական ուղեղային կաթված, աուտիզմ և գենետիկ հիվանդություններ ունեցող միչև 18 տարեկան ավելի քան 180 երեխաներ: Կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկան Աննա Հակոբյանին ներկայացրել է «Ոսկեփորիկ»-ի երկամյա գործունեությունը, պատմել ծրագրերի և իրականացրած աշխատանքների մասին:

«Դուք ձեր հեքիաթը ստեղծել եք, և շատ շնորհակալություն, որ ինձ մաս դարձրեցիք: Կուզենայի ապրել ձեր հեքիաթում, որովհետև հեքիաթներն ավելի գրավիչ են, քան իրականությունը: Դուք ձեր հեքիաթը իրականություն եք դարձրել: Խոսեցիք ձեր ծրագրերի մասին, խնդիրները շատ են: Միշտ կապ պահպանեք «Իմ քայլը» հիմնադրամի հետ և ինչով կարող ենք՝ կօգնենք կենտրոնին, կօգնենք ձեզ՝ հաջորդ հեքիաթներն իրականություն դարձնելու: Ես ձեզ շատ սիրեցի և հույս ունեմ, որ հաջորդ յուրաքանչյուր հաջողության ու նոր ձեռքբերման ժամանակ ինձ անպայման կհրավիրեք»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետի տիկինը կենտրոնի շահառուների հետ միասին մասնակցել է ջրային արվեստի միջոցառման, որից հետո կենտրոնի ծնողների և երեխաների հետ միասին զարդարել են տոնածառը:

Նույն օրը Աննա Հակոբյանը, համայնքի բնակիչների հրավերով, այցելել է մարզի Մեծ Մասրիկ համայնք: Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը այցելել է գյուղի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ: Համայնքի բնակիչները պատմել են, թե ինչպես են համախմբվածության միջոցով կարողացել համայնքում բազմաթիվ փոփոխություններ կատարել, որոնց արդյունքում համայնքի միջնոկարագ դպրոցը ջեռուցվում է, մանկապարտեզը գործում է անվճար և արդեն սպասարկում է 80 փոքրիկի: Զրույցի ընթացքում համայնքի բնակիչները պատմել են Մեծ Մասրիկի ապագայի ծրագրերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս