Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում
Չինական ծագմամբ ամերիկուհի Լուլու Վանգի «Հրաժեշտ» ֆիլմը (2019 թ.) տեղ է գտել «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգորդների թվում: Հաղթանակի հավակնորդների հայտարարումը կայացել է դեկտեմբերի 9-ին եւ ցուցադրվել կազմակերպության պաշտոնական կայքում։
Անվանակարգորդների ցուցակում ներառված են նաեւ ֆրանսիացի Լաջ Լիի «Թշվառները» (Les miserables, 2019), իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» (Dolor y gloria, 2019) կինոնկարները, «Մակաբույծները» (Gisaengchung, 2019) հարավկորեական կինոնկարը, որի ռեժիսորը Պոն Չժուն Հոն է, ֆրանսուհի Սելին Սյամմայի «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» (Portrait de la jeune fille en feu, 2019) ֆիլմը:
Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիայի կողմից շնորհվող «Ոսկե գլոբուս» մրցանակի 77-րդ արարողությունը տեղի կունենա Բեւեռլի Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ) եկող տարվա հունվարի 5-ին:
Միջոցառումը վարելու իրավունքը հինգերորդ անգամ վստահված է բրիտանացի դերասան Ռիկի Ջերվեյսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: