«Այն, ինչի մասին բարձրաձայնվում է, մենք չենք տեսել». Գեորգի Ավետիսյանը՝ «Ավանի աղի կոմբինատի» տնօրենի պնդումների մասին

«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի աղի սպառման ծավալների նվազումը ոչ թե տեխնիկական աղի շուկա հասնելու պատճառով է, ինչպես պնդում է կոմբինատի ղեկավարը, այլ նրանով, որ ներմուծվող սննդային աղն ավելի էժան է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Արեգ Ղուկասյանը հայտարարել էր, թե ամեն տարի Իրանից Հայաստան մեծ քանակով տեխնիկական աղ է ներմուծվում՝ մինչև 5000 տոննա, և այդ աղի զգալի մասն օգտագործվում է սննդի արդյունաբերությունում՝ վտանգելով քաղաքացիների կյանքը և առողջությունը, մինչդեռ այն նախատեսված է թղթի, լվացքի փոշու արտադրության մեջ օգտագործելու համար: Այս ուսումնասիրությունը կոմբինատի աշխատակիցները կատարել են այն բանից հետո, երբ արձանագրել են կոմբինատի աղի սպառման ծավալների նկատելի նվազում:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք էլ են աղի շուկայում պարբերաբար մոնիտորինգ իրականացնում:

«Իհարկե, աղի մասով մենք ունեցել ենք դեպքեր, կասեցումներ տվել ենք: Իհարկե, վստահ չենք՝ դա եղել է տեխնիկակա՞ն աղ, թե՞ ոչ, պարզապես եղել են չմակնշված, ինչը նշանակում է, որ ենթակա չէ վաճառքի, ուստի հանել ենք շուկայից: Այն, ինչի մասին խոսվում է, բարձրաձայնվում, մենք դա չենք տեսել, բայց պարտադիր տարեկան վերահսկողություն իրականացվում է»,- պնդեց Գեորգի Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս