
Խոշոր հրդեհ Երևանում. հրդեհված բնակարանում երեխաներ կան

Դեկտեմբերի 7-ին, ժամը 17:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդգես Սուրենյանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (ներսում երեխաներ կան):
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ով անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ տան նախասրահում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է բալոնից արտահոսած գազը և ջերմահարվել նախասրահի մուտքի դուռը՝ մասամբ:
Ներսում են գտնվել Արմեն Ա.-ն (ծնված 1949 թ.), Թեհմինա Ա.-ն (ծնված 2007 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 2017 թ.) և Լիլիթ Գ.-ն (ծնված 1949 թ.). վերջինս ունեցել է ծխահարման խնդիր, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները տանից դուրս են բերել Թեհմինա և Անահիտ Ա.-երին: