«Թանգարանում գտնվող գործերը պատանդի կարգավիճակում են». Հարություն Գալենցը՝ «Կալենց» տուն-թանգարանի շուրջ ստեղծված թնջուկի մասին
Թե արվեստի ինչ գործեր կան այսօր «Կալենց» տուն-թանգարանում, ոչ ոք չգիտի: 2017 թվականին Սարո Գալենցի հանկարծակի մահից հետո նրա որդին՝ նկարիչ, համադրող ու գալերիստ Հարություն Արչի Գալենցը փորձում է հասնել նրան, որպեսզի թանգարանում գույքագրում կատարվի ու այլևս իր, հոր, պապի գործերը չգտնի սև շուկայում: Այս թնջուկին Հայաստանում լուծում տալու արվեստագետի վերջին հույսն այսօր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ուղարկած դիմում-խնդրանքն է:
«Ես երբեք չէի դիմի Ձեզ անձնական նամակով, եթե կտավների ժառանգության ընդունման հարցի կարգավորումը երկու տարի շարունակ՝ թե՛ նոտարի, թե՛ ոստիկանության և քննչական մարմինների հետ քննարկելով, և թե՛ դատարանների բոլոր ատյաններով անցնելով, չհայտնվեր փակուղում»,- Ռ. Բադասյանին ուղղած նամակում գրել է Հարություն Արչի Գալենցը:
Արվեստագետը պնդում է, որ Հայաստանում չեն կարողանում այնպիսի տարրական տեխնիկական խնդիրներ լուծել, ինչպիսիք են, օրինակ, նոտարի մուտքը տուն ապահովելը կամ կեղծ ստարագրության փորձաքննություն իրականացնելը:
«Ստիպված պատրաստվում եմ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Հայաստանի դատարանները կա՛մ անկարող են, կա՛մ կոռումպացված, կա՛մ էլ կաշառված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Գալենցը:
Ինչպես նշեցինք, այս թնջուկը սկսվել է 2017 թվականի հոկտեմբերի 26-ից, հոր՝ Սարո Գալենցի մահից հետո: Հոր մահվան լուրն առնելով՝ Հարություն Գալենցը Գերմանիայից եկել է Հայաստան, զուգահեռաբար այցի մասին տեղեկացնելով նաև հոր երկրորդ կնոջը՝ Լարիսա Կատասանովային: Եկել է Հայաստան, ու, իր իսկ խոսքով, արժանացել է Կատասանովայի կողմից ցուցաբերված «թշնամական վերաբերմունքին»:
Հարություն Գալենցը նշում է, որ հայրը՝ Սարո Գալենցը, կտակ չէր թողել: Չի եղել նաև թանգարանին պատկանող գույքերի ցուցակ:
2 շաբաթ անց Հարություն Գալենցը քրոջ՝ Անի-Նիկոլ Գալենցի հետ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, դիմել է նոտարի՝ տուն-թանգարանում գույքագրում իրականացնելու համար:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սեփականատերերից յուրաքանչյուրը կարող է դիմել նոտարին: Նա խնդրել է գույքագրում իրականացնել, ինչից 6 ամիս անց պետք է պարզաբանվեր, թե որ գույքը որ սեփականատիրոջն է պատկանելու: Բայց Գույքագրման որոշումը Գալենցները ստացել են 1 տարի անց:
«Քանի որ այդ տանն ապրում էր Կատասանովան, ասել է՝ «դուռը չեմ բացում, չեմ թողնում նոտարը մուտք գործի»: Նոտարն էլ, բնականաբար, չէր կարող մուտք գործել, վերջիվերջո, սեփականություն էր, երկաթյա դարպասները չէր կոտրելու, մուտք գործեր: Արձանագրեց, որ խոչընդոտել են, գույքագրումը չի կատարել: Երբ խոչընդոտը վերացվի, գույքագրումը կկատարի»,- 168.am-ին ասաց Հարություն Արչի Գալենցի փաստաբան Թեհմինե Հովսեփյանը:
Գույքագրման խոչընդոտը վերացնելու համար Գալենցները դիմել են առաջին ատյանի դատարան: Դատարանն էլ որոշել է, թե պարտավոր են չխոչընդոտել գույքագրմանը: Կատասանովան Վերաքննիչ դաարան բողոք է ներկայացրել: Վերաքննիչ դատարանն էլ որոշել է, որ գույքագրում պետք է կատարվի: Դրանից հետո Կատասանովան թվով 5 բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
«Օրենքը թերի է, մարդը քանի անգամ կուզի, այնքան Վճռաբեկ բողոք կներկայացնի, կապ չունի, որ Վճռաբեկը որոշում կայացնելիս նշում է, որ որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Լարիսա Կատասանովայից բողոքներ է, որ գալիս են: Իհարկե, մերժվում են, բայց այդ ամենը խնդիր է, որ կատարողական թերթ չկարողանանք ստանալ ու գնալ գույքագրում անելու: Նրանք ժամանակի վրա են խաղում»,- ասաց փաստաբան Թեհմինե Հովսեփյանը՝ հավելելով, որ բողոքները հիմնականում իրավունքների խախտման մասին են:
Այս թնջուկն ավելի է բարդացել, երբ Հարություն Գալենցը eBay-ում տեսել է իր գործերից մեկը, որը պետք է լիներ «Կալենց» տուն-թանգարանում:
«Կալենցի 18 հասցեում գտնվող տանը գտնվում են իմ վաղ շրջանի գործերը, որոնք, փաստորեն, պատանդի կարգավիճակի մեջ են գտնվում: Հորս մահից հետո նոտարի մուտքը տուն արգելվեց: Պայքար է գնում՝ ոչ մեկին թույլ չտալ՝ հավաստիանալ, որ Արմինե Կալենցի և հորս գործերը դեռ գտնվում են այդ տեղում: Արվեստի սև շուկայում իսկապես գտնվում են 2 կտավ Կալենցի թանգարանից, որոնց նկարն ինձ WhatsApp-ով կոլեկցիոներներն ուղարկեցին, որ հաստատեմ Կալենցի վրձնի իսկությունը»,- 168.am-ին ասաց Հարություն Գալենցը:
Հարություն Գալենցը մեզ պատմեց իր հետ պատահած դեպքերից մեկի մասին: Նրա խոսքով՝ 2018թ. օգոստոսի 20-ին, երբ մտել է «Կալենց» տուն-թանգարանի առաջին հարկը, պարզել է, որ Երվանդ Քոչարի 3 գրաֆիկական աշխատանքներ չկան: Հոկտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է ոստիկանությանը՝ տեղեկացնելով, որ չնայած դատարանի՝ գործերը տեղաշարժելու մասին արգելքին, տնից անհետացել են Երվանդ Քոչարի գործերը և Սարո Գալենցի որոշ գործեր: Սակայն, ըստ նրա՝ ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցելը և քննություն իրականացնելը:
«Ես իմ ժառանգության համար չեմ ցավում, Ազգային մեծ արժեք ունեցող մշակութային գործերը բանդիտների ձեռքի տակ են հայտնվել: Վաղն էլ կարող են կրակի տալ տունը, որ հետքերը կորցնեն՝ հույս ունենալով, որ գողացված կտավները և գրաֆիկական գործերը կկարողանան սև շուկայում իրացնել»,- ասաց Հարություն Գալենցը:
168.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Լարիսա Կատասանովայից, սակայն վերջինս ասաց, թե մեկնաբանելու ցանկություն չունի:
«Կարծում եմ, որ Ձեզ տրված ինֆորմացիան թերի է: Եթե դուք ուզում եք իմանալ իրական պատկերը, Ձեզ կփոխանցեմ փաստաբանիս հեռախոսահամարը, նա Ձեզ ամեն ինչ կաբացատրի»,- ասաց Կատասանովան՝ ավելու ուշ մեզ հայտնելով, որ փաստաբանից մեկնաբանություններ ստանալու համար նրա հետ կարող ենք խոսել երկուշաբթի օրը:
168.am-ը Լարիսա Կատասանովայի փաստաբանի պարզաբանումները կհրապարակի նրա հետ զրուցելուց անմիջապես հետո: