Գեղարքունիքում հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ մյուս բնակավայրերում, Գեղարքունյաց թեմի գործող եկեղեցիներում ու կրթամշակութային հաստատություններում ծաղկեդրումով, մոմավառությամբ ու այլ միջոցառումներով հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհվեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հուշաքարին:
Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ղեկավար այրեր եւ աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ եւ անհատ քաղաքացիներ:
Ծաղկեդրման արարողությունից հետո մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հիշատակի մոմեր վառեցին, ներկա գտնվեցին եկեղեցում մատուցվող հոգեհանգստյան կարգին, որը կատարվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի:
«1988 թվականի այս օրը մեր հայրենիքին բաժին հասավ ծանր աղետը: Հայրը շտապում էր աշխատանքի, զավակները մանկապարտեզ կամ դպրոց էին գնում, մայրը պատրաստվում էր դիմավորել իր սիրելիներին: Սակայն ծանրագույն աղետը ի չիք դարձրեց այս սպասումը՝ խլելով բազմահազար մարդկային կյանքեր: Այդ արհավիրքից անցել է 31 տարի, սակայն, մեր վերքը մնում է անբուժելի: Միակ մխիթարանքն այն եղավ, որ աշխարհը կանգնեց մեր կողքին՝ իր փրկարար ձեռքերով ու գթասիրտ հոգով: Եվ ամեն տարվա այս օրը ապրողներս խոնարհվում ենք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ աղոթք բարձրացնելով նրանց հոգիների փրկության համար»,-նշեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը:
Խոսրով Խլղաթյան