Ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է. էքստրասենսի հատկություններ ունի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, պարզվում է, էքստրասենսի հատկություններ ունի։ Բրուտյանը վարչապետին իր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացրել ավելի վաղ, քան գործուղման մեկնելը։ Իր հաշվետվությունում, որը պետական պաշտոնական փաստաթուղթ է, Բրուտյանը ներկայացրել է, թե ինչ արդյունքներ է տվել 2019 թվականի հոկտեմբերի 10-12-ը Մոսկվայում պետական գնումների հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստին իր մասնակցությունը, թե ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են ընդունվել և այլն։
Սակայն Բրուտյանը այս ամենը գրել է հոկտեմբերի 4-ին՝ 6 օր ավելի շուտ, քան այդ ամենը տեղի կունենար։ Ընդ որում՝ Բրուտյանը հաշվետվության մեջ ամեն ինչ ներկայացնում է որպես արդեն իսկ կատարված փաստ, օրինակ՝ ․ «Աշխատանքային խմբի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ փորձագետների մակարդակում շարունակել համապատասխան կարգավորումներ սահմանող փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները»,- իր հաշվետվության մեջ գրում է փոխնախարարը։
Արդյունքում` 2 տարբերակ կարելի է քննարկել․ կա՛մ պետական պաշտոնական փաստաթղթում սխալ կա, և այն կազմողները, մեղմ ասած, անլուրջ և անփույթ են վերաբերվում այդ փաստաթղթերին, կա՛մ ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: