Աստղաձորում ավարտին են հասցվել երկու սուբվենցիոն ծրագիր

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում այս տարի իրականացվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց արդյունքում բարելավվել է խմելու ջրի մատակարարումը շուրջ 400 տնտեսություններում եւ ասֆալտապատվել Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածը՝ 630 գծամետր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, առաջին սուբվենցիոն ծրագրով 1300 գծամետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Զորավար Անդրանիկ փողոցում: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 10 միլիոն 680 հազար դրամ, որի 70 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից եւ ավարտվել հոկտեմբերին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածում կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 630 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4000 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 43 միլիոն 227 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հոկտեմբերից եւ ավարտվել նոյեմբերի վերջերին:

Համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի կարծիքով՝ իրականացված ծրագրերն Աստղաձորում էապես բարելավել են հարյուրավոր ընտանիքների կենսապայմանները:

«Զորավար Անդրանիկ փողոցի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը շատ կարեւոր նշանակություն ունեցավ ավելի քան 400 ընտանիքների համար: Ներքին ջրատար ցանցը մոտ 1300 մետր երկարությամբ, կառուցված լինելով անցած դարի 70-ական թվականներին, քայքայվել էր ու կորցրել շահագործման պիտանիությունը: Բացի այն, որ ցանցում ջրի կորուստներն ու վթարները շատ էին, նաեւ խմելու ջրի որակն ու մաքրությունը հնարավոր չէր լինում ապահովել: Իսկ հիմա տնտեսությունները ջուրը ստանում են բավարար չափով ու ժամանակին, նաեւ՝ մաքուր վիճակում: Նույն փողոցի ասֆալտապատմամբ եւս տնտեսություններն արդեն հիմնովին ազատվեցին անբարեկարգ հատվածներով երթեւեկելու կամ քայլելու հոգսերից, որոնք տեւել են տասնամյակներ»,-նշեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս