Ավտովթար՝ Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում. կա տուժած
Դեկտեմբերի 6-ին, ժամը 04:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes S-Class» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել), ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին, իսկ գազի բալոնը դուրս է շպրտվել (մոտ 15 մ). առկա է արտահոսք:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:
Մինչ փրկարարների՝ կաչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: