«Ինչո՞ւ պետք է հայատյաց Մեհրիբանը մուղամ լսի Արցախում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչո՞ւ պետք է հայատյաց Մեհրիբանը մուղամ լսի Արցախում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, արձագանքել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը, որը վերջերս «Տելեգրամ»-ի իր էջում գրառում էր կատարել, թե իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում…

Նախ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ է տիկին Հակոբյանը պատասխանում Մեհրիբանին… Բազմաթիվ հակահայ զառանցանքներով աչքի ընկնող Ալիևան ոչ թե հանդես է գալիս որպես Իլհամ բաբայի կին, այլ որպես պետության երկրորդ դեմք՝ որպես պետական գործիչ… Զարմանալի է, որ տիկին Հակոբյանը, ով ընդամենը պարոն Փաշինյանի կինն է, պատեհ-անպահետ մշտապես փորձում է աչքի ընկնել, իսկ այս պարագայում նաև «մուտք գործել» իր խաղաղասիրությամբ այնպիսի վտանգավոր ոլորտ, ինչպիսին Արցախյան հիմնահարցն է…

Աննա Հակոբյանի ամենազավեշտալի առաջարկը Ալիևային այն է, որ նա խոստանում է «մեր» անունից, որ կարող է ապահովել մուղամը, կարող է իրականացնել Մեհրիբան խանումի երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը…Հատկանշական է, որ ամբողջ տեքստում տիկին Աննան օգտագործում է «Արցախ» եզրույթը, սակայն այս նախադասության մեջ չգիտես ինչու հայտնվում է պարսկա-թուրքական «Ղարաբաղ» անունը…

Մեկը չկա` տիկին Հակոբյանին հարցնի, թե ինչու՞ պետք է Հայկական լեռնաշխարհի մաս կազմող Արցախ աշխարհում, որի ազատության համար հազարավոր հայորդիներ իրեց կյանքն են զոհաբերել Ադրբեջանի հետ պատերազմներում, ինչ-որ եկվոր թրքուհի, ով իր շինծու երկրում՝ նույն Ադրբեջանում հակահայկական քարոզի ամենաակտիվ մասնակիցներից և հովանավորներից է, պետք է իր նախասիրած մուղամը լսի… Տիկին Մեհրիբանն Արցախում կարող է լսել Կոմիտաս կամ մեր ազգային երգերը… Հետաքրքիր է նաև այն, թե այդ մուղամը, որի ապահովման մասին բարձրաձայնում է պարոն Փաշինյանի կինը, ով կամ ովքեր են կատարելու… Չլինի տիկին Աննան պետք է հրավիրի այն երկրների երաժիշտներին, որոնց լծի տակ հարյուրավոր տարիներ ոչ թե ապրել, այլ գոյատևել է հայ ժողովուրդը և որոնց դեմ միշտ պայքարել է…

Տիկին Աննան երևի չի հասկանում կամ գիտակցում, թե ինչ վտանգավոր հայտարարություն է անում, չնայած նրան, որ նաև նախազգուշացնում է Մեհրիբանին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Բաքվի համար ռազմական նոր արկածախնդրությունը Արցախի դեմ…

Երբ տիկին Աննային Բաքվում հյուրընկալեն և մատուցեն Կոմիտաս կամ Արամ Խաչատրյան, այդ ժամանակ նոր թող Մեհրիբանին Երևանում ընդունի և մուղամաթ մատուցի՝ հրավիրելով Կիրկորովին իր «Ջանմ, Ազերբայջանմ» երգով…

Խաղաղասիրությամբ տոգորված տիկին Աննան ադրբեջանցիներին պատմական դասեր է տալիս՝ օրինակ բերելով եվրոպական երկրներին, որոնցից շատերը մշտապես վատ կամ թշնամական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ, բայց հիմա նույն տնտեսական միության մեջ են ապրում ու զարմանալիորեն ռևերանսներ անելով ադրբեջանցիներին` նրանց դասում է եվրոպական ժողովուրդների շարքին… Աննա Հակոբյանի և շատ խաղաղասերների սխալը նրանում է, որ մինչև հիմա չեն հասկացել, որ Ալթայի և Միջին Ասիայի տափաստաններից մեր տարածաշրջանում հայտնված բարբարոս թուրքը երբեք եվրոպացի չի եղել ու չի էլ դառնա, քանի որ իր հակառակորդների հետ բանակցելիս մշտապես յաթաղանը պահում է իր մոտ՝ հարմար առիթի դեպքում հակառակորդին մորթելու համար… Տիկին Աննան սխալվում է… Թուրքը երբեք չի դառնա գերմանացի, ֆրանսիացի կամ ավստրիացի, որոնք ընդունել են իրենց սխալները և մեղանչել նախկինում կատարված հանցանքների համար…

Թուրքի հետ խաղաղասիրություն անելը, նույնիսկ եթե դա դիվանագիտական քայլ է, շատ վտանգավոր է… Իսկ տիկին Աննան այդ ոլորտից ոչինչ չի հասկանում…

Հ.Գ. Ընդհանրապես, Ալիևների ընտանիքի անդամները Արցախ կարող են այցելել միայն մեկ դեպքում, եթե պաշտոնական այցով մեկնեն Ստեփանակերտ…»:

Տեսանյութեր

Լրահոս