«Աշխարհում չկա որևէ հաջողված և ընդհանրապես նույնիսկ չհաջողված փորձ, որտեղ «ֆեյքնյուզի» համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն». Արփինե Հովհաննիսյան
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը՝ նշելով, որ դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը:
«Մասնավորապես, հոդվածի առաջին մասով՝ սուտ տեղեկություններ տարածելը, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը պատժել կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասով գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու համար առաջարկվում է սահմանել պատիժ՝ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում երկու տարի ժամկետով: Միևնույն ժամանակ՝ այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»,- գրել է Բաբաջանյանը:
Պատգամավորը նշել է, որ Քրեական օրենսգրքում նման փոփոխություն կատարելու իր դրդապատճառն են եղել Հայաստանի ներկայիս քաղաքական իրողությունները, որոնք արտահայտվում են համաշխարհային «պրոբլեմատիկա համարվող» այնպիսի երևույթով, ինչպիսին «ֆեյքնյուզն» է:
«Հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվությունը դարձել է մեր քաղաքական, լրատվական կյանքի անբաժան մասը:
«Ֆեյքնյուզը» վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու գործիքի, ինչը գնալով ավելի մասսայական է դառնում: Հետևաբար՝ անհրաժեշտ է այդ խնդրին օրենսդրական կարգավորումներ տալ, որը, բնականաբար, ամբողջությամբ չի չեզոքացնի «ֆեյքնյուզի» ազդեցությունը, սակայն առնվազն զսպող նշանակություն կունենա կեղծ տեղեկատվությունը որպես քաղաքական մեթոդ օգտագործողների համար»,- գրել է Բաբաջանյանը:
168.am-ի խնդրանքով «Ֆեյքնյուզը» քրեականացնելու մասին այս նախագծի վերաբերյալ իր մոտեցումները հայտնեց արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Վերջինս նկատեց, որ շատ ավելի լավ կլինի, որ այս հարցի կապակցությամբ նախ դիրքորոշում հայտնի իշխող քաղաքական ուժը:
«Մասնագիտական տեսանկյունից դա հակասում է բոլոր միջազգային սկզբունքներին: Աշխարհում չկա որևէ հաջողված և ընդհանրապես նույնիսկ չհաջողված փորձ, որտեղ սուտ տեղեկությունների համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Ավելին ասեմ: Հավանաբար նախագծի հեղինակին կհետաքրքրի, որ նույնիսկ ԱՄՆ-ում Գերագույն դատարանի կողմից մի որոշման կայացմամբ ամրագրվել է իրավաբան գիտնականների կողմից տարածված, այսպես կոչված, ստելու սահմանադրական իրավունքը: Փաստվել է մարդու՝ ստելու սահմանադրական իրավունքի առկայությունը։ Միգուցե օրենսդրական նախաձեռնության հեղինակը ոգեշնչվել է ՌԴ վերջին օրենսդրական կարգավորումներից, երբ անձամբ երկրի գլխավոր դատախազը և գլխավոր դատախազի տեղակալն են զբաղվում սուտ տեղեկատվության դեմ պայքարով։ Սակայն պետք է ընդգծել, որ նույնիսկ ռուսական կարգավորման մոդելի պարագայում խոսքը ոչ թե քրեական պատասխանատվության մասին է, այլ վարչական»,– ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նախկին նախարարը վստահեցնում է, որ ինքն ըստ էության ոչ թե արդարացնում է այդ գործողությունների կատարումը, այլ փաստում է, որ՝ այո, «ֆեյքնյուզը» խնդիր է, և խնդիր է ոչ միայն և ոչ այնքան՝ ՀՀ-ում, որքան ավելի խոշոր ու ավելի ժողովրդավարական պետություններում և ավելի հասուն դեմոկրատիա ունեցող երկրներում, քան Հայաստանն է, և շատ ավելի կարևոր հարցադրումների ժամանակ, քան պարզապես օրվա կյանք ունեցող լրահոսը:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ փաստացի այս պահի դրությամբ կան մի քանի հիմնական եվրոպական երկրներ, որոնք փորձում են կեղծ լուրերի դեմ օրենսդրական պայքար մղել, սակայն նույնիսկ այդ երկրներն օգտագործում են խիստ սահմանափակ գործիքակազմ ու խիստ սահմանափակ դեպքերում։ Դրանք են Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։
«Այսպես՝ 2018 թ. գերմանական կառավարությունը սահմանել է մինչև 53 միլիոն դոլարի տուգանքներ այն սոցիալական ցանցերի դեմ, որոնք չեն հեռացնի ատելություն հրահրող հաղորդագրությունները և ֆեյքային լուրերն օգտատերերի բողոքներից հետո։ Ի պատասխան նոր կարգավորումների՝ Ֆեյսբուքը ստիպված է եղել վարձել 1200 լրացուցիչ աշխատակիցներ, որպեսզի պատշաճ կերպով մշակվեն գերմանացի օգտատերերի կողմից ներկայացվող հաղորդումները»,- ասում է Արփինե Հովհաննիսյանը:
Վերջինս հավելեց, որ ընդամենն անցած տարվա նոյեմբերին ֆրանսիական խորհրդարանն ընդունել է օրենք, որի հիմնական նպատակը դատարաններին՝ ընտրությունների ժամանակ տարածվող կեղծ լուրերը հեռացնելու հնարավորություն տալն էր: Սակայն, նույնիսկ այն հանգամանքը, որ այս օրենսդրական կարգավորումները կարող էին կիրառվել միայն ընտրությունների ժամանակ, այդուամենայնիվ քննադատության մեծ ալիք բարձրացրեցին նախագահ Մակրոնի դեմ։
«Բավական հետաքրքիր է նաև Մեծ Բրիտանիայի փորձը։ Հաշվի առնելով հարցի խրթինությունը՝ Մեծ Բրիտանիան դեռևս օրենսդրական որևէ նախագիծ չի ներկայացրել, սակայն սկսվել է լայնամասշտաբ հետազոտական աշխատանք՝ ընդհուպ՝ խորը ուսումնասիրություններ անելով և տալով կեղծ լուրերի եզրութաբանական շրջանակները։ 2019 թ. հրապարակվեց Համայնքների պալատի Թվային, մշակութային, լրատվամիջոցների և սպորտի կոմիտեի վերջնական զեկույցը կեղծ լուրերի վերաբերյալ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ հետաքրքրական է զեկույցի այն մոտեցումը, որ կեղծ լուրերի դեմ պայքարում չեն թիրախավորվում կոնկրետ անհատները, պատասխանատվություն պետք է կրեն մեծ տեխնոլոգիական ընկերությունները: Այս նպատակով Մշակույթի նախարարը պետք է ԱՄՆ-ում հանդիպի տեխնոհսկաներին՝ Google, Facebook, Twitter և Apple, որպեսզի քննարկի առկա խնդիրները: Զեկույցով կեղծ լրատվության դեմ պայքարում կա առաջարկ՝ մեկտեղելու մարդկային ներուժն ու տեխնոլոգիաները, օգտագործել, օրինակ, արհեստական բանականությունը կեղծ լուրերի դեմ պայքարի հարցում։
Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ այս ամենը վկայում է, որ զարգացած երկրները երբևէ չեն գնում կեղծ լուրերի համար քրեական պատասխանատվություն սահմանելու ճանապարհով, քանի որ նման լուծումը չափազանց թանկ կարժենա յուրաքանչյուր ժողովրդավարության համար, փոխարենը՝ փորձում են գտնել համապարփակ լուծումներ, որոնք պատասխանատվություն կսահմանեն ոչ թե կեղծ լուր տարածող առանձին անհատի համար, այլ այն հարթակների, որոնք ոչինչ չեն անում կեղծ լուրերի տարածման դեմ։
Նա հավելեց նաև, որ «Article 19» միջազգային կազմակերպությունը, ԵԱՀԿ մամուլի հարցերով համապատասխան գրասենյակը և այլ մարմիններ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ նշում են, որ ճշմարտության պարտականության սահմանումը կարող է հանգեցնել իշխանությունների կողմից ազատ խոսքի արտահայտման իրավունքի սահմանափակման և դառնալ իսկական մահակ իշխանության համար ոչ ցանկալի լրատվամիջոցների դեմ։
«Այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը դեռ որոնումների մեջ է, և ես խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ում որևէ մեկը կարող է խոսել լուծման վերջնական տարբերակի առկայության մասին, առավել ևս՝ քրեականացման ճանապարհով, երբ դա բացարձակ հակասում է բոլոր միջազգային սկզբունքներին։ Սակայն ցանկանում եմ նաև հիշեցնել պատգամավորին, որ մեր երկրի օրենսդրությունը շատ երկրների նման պատասխանատվություն է նախատեսել հանրորեն վտանգավոր ստի, այն է՝ սուտ մատնության համար, հետևաբար՝ այս պահին մեր հանրության համար առավել վտանգավոր ստի դեմ պայքարի միջոցները նախատեսված են Քրեական օրենսգրքով»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Նախկին նախարարը շեշտում է, որ այն պահից, երբ իշխանական ներկայացուցիչներն այս նախագծի վերաբերյալ դրական կարծիք արտահայտեն, այդ նախագիծը պետք է ուղարկեն ԵԱՀԿ ԺՄԻԳ, ԵԽԽՎ, Վենետիկի հանձնաժողով և մնացած բոլոր իրավասու միջազգային կազմակերպություններին, որպեսզի տեսնեն՝ ինչքանով է այն հակասում միջազգային սկզբունքներին և որքան վուլգար խախտում է բոլոր կանոնների: