«Իջևանի գինու և կոնյակի գործարանի տնօրենին չեմ ճանաչում». Սիփան Փաշինյանը հերքում է՝ քաղաքապետարանին նվիրատվություններ կատարած անձն իր ընկերը չէ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը 168.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններին և տեղեկացրել, որ քաղաքապետ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած պարզաբանումները համոզիչ չէին:
«Իզուր ներկայացրեց, որովհետև իր ներկայացրած փաստաթղթերից մեկի սեփականատերն է Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, դե, երևի նա կապ ունի նախարար Ցոլակյանի հետ, մյուս փաստաթղթով մեկ այլ կազմակերպության սեփականատերն է Էմիլ Եղիազարյանը: Այս անուն-ազգանունը որևէ բան չի ասում, եթե չիմանանք, որ դա Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է, ով նաև Սիփան Փաշինյանի մոտ ընկերն է: Իսկ այս պատմության գագաթնակետն «Էյ Ջի Գրուպն» է. այս կազմակերպությունը թեև սնանկ է, բայց շինթույլտվություն է ստացել»,- ասել էր Հայկ Մամիջանյանը։
168.am-ը Սիփան Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախապես իմացել է, որ Իջևանի գինու և կոնյակի գործարանի տնօրենը նվիրատվություն է անելու:
«Իջևանի գինու և կոնյակի գործարանի տնօրենին ընդհանրապես չեմ ճանաչում: Գուցե ինչ-որ միջավայրում տեսել եմ, բայց ես նրան դեմքով չգիտեմ, եթե նրան հիմա բերեք այստեղ, ես չեմ ճանաչի»,- ասաց Սիփան Փաշինյանը:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանին արված նվիրատվությանը, Սիփան Փաշինյանն ասաց, որ, եթե Իջևանի գինու և կոնյակի գործարանի տնօրենը նման քայլի է դիմել, ապա միայն ողջունում է:
Անդրադառնալով այդ նվիրատվությունների հետ կապված կոռուպցիոն ռիսկերին, որի մասին բարձրաձայնում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները, Ս. Փաշինյանը նկատեց՝ ավագանու ընդդիմադիր անդամները, 8 ամիս է՝ «լեղապատառ» բարձրաձայնում էին, որ Երևանի աղբը չեն մաքրում:
«Երևի հիմա արդեն վատ են զգում, քանի որ ասելիք այլևս չկա՝ Երևանում աղբ չկա: Այն ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի մակարդակով այդ աղբի թեման էին շոշափում, իսկ սեպտեմբերի վերջից սկսած՝ աղբի թեմայով որևէ մեկը որևէ բան չի ասում: Երևի անհանգստացել են, թե ինչպես կարող են ասելիք չունենալ, և փորձում են այս ամենից, ինչպես կասեր դասականը՝ բոլոլա սարքել»,- սսաց պատգամավորը:
Ըստ նրա՝ նվիրատվությունների հետ կապված բոլոր հարցերին քաղաքապետն արդեն պատասխանել է, ուստի այլևս կարիք չկա ևս մեկ անգամ անդրադառնալու այդ թեմային:
Պատգամավորն անդրադարձավ նաև գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ զինվորական ծառայությունից խուսափողները կարող են 10 մլն դրամ վճարել և մեկ ամիս ծառայել, և ասաց, որ նախագծի հետ կապված ունի վերապահումներ, որոնք կհայտնի քննարկումների ժամանակ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան