«Հայկ Մարությանի հրաժարականի անհրաժեշտությունը չեմ տեսնում». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ նրան որևէ հարցում չի մեղադրում:
«Պարոն Մարությանը կատարել է իր գործառույթը, իրավական առումով նրա գործողություններում որևէ խախտում չեմ տեսնում, սա ասում եմ՝ որպես իրավաբան: Այլ հարց է, որ գուցե օրենսդրական բաց կա, որն այսօր ընդդիմությունը փորձում է տարբեր կերպ շահարկել, ինչը, ըստ իս, անհաջող է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանին տված նվիրատվություններին, որտեղ, ըստ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների՝ կոռուպցիոն ռիսկեր կան:
Դիտարկմանը՝ նվիրատվությունների ֆոնին քաղաքապետարանը բազմաթիվ շինթույլտվություններ է տվել, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ շինարարություն անելու շատ թույլտվություններ են եղել, և պետք չէ դա կապել նվիրատվությունների հետ ու ենթադրություններ անել:
Նա նաև տեղեկացրեց, որ գործընկերների հետ դեռևս չի քննարկել ԱԺ քննիչ հանձնաժողովին միանալու հարցը, դեռ պետք է քննարկեն:
«Քննիչ հանձնաժողովն ավելի շատ քաղաքական բնույթ է կրում, ուստի քաղաքական գնահատականի կարիք այս պահին չեմ տեսնում»,- հավելեց նա:
Անդրադառնալով «իմքայլական» պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծին, ըստ որի՝ ժամկետային զինծառայությունից խուսափող քաղաքացիները կարող են վճարել է 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել և ստանալ զինվորական գրքույկ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախագիծը Հայկ Սարգսյանն առանց իրենց հետ քննարկելու՝ ներկայացրել է հանրությանը, որպեսզի առաջին հերթին՝ հասկանան հանրության տրամադրվածությունը, ինչը ողջունում է:
«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում այն, որ մենք պետք է ունենանք ուժեղ Զինված ուժեր, ցանկալի է, որ սահմանը պահպանեն ոչ թե անփորձ երիտասարդները, այլ փորձառուները, դրանում նույնպես որևէ մեկը չի
կասկածում: Մենք քնարկումներով պետք է գտնենք ոսկե միջինը: Սա այն հարցն է, որը պետք է քննարկենք, քանի որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ հարուստները գումար վճարելով՝ խուսափեն ծառայությունից»,- եզրափակեց նա: