«Հետևելու եմ, որպեսզի Երևանում տեղի ունեցած վանդալիզմի հեղինակը պատժվի օրենքի ողջ խստությամբ». Սանդիկովը՝ Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի խոսքով՝ վանդալիզմի ցանկացած դրսևորում դատապարտելի է, և Երևանում Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելն ու հայտարարելը, թե դա հակաքայլ է Գարեգին Նժդեհի հուշատախտակը ՌԴ Արմավիր քաղաքից հանելուն՝ անտրամաբանական է:

«Միանշանակ կարծում եմ, որ վանդալիզմին վանդալիզմով պատասխանելը սխալ է: Պատասխանելու համար քաղաքակիրթ աշխարհում շատ ավելի գրագետ մեթոդներ կան, և այդ քայլերն արվում էին, չնայած այն մեկնաբանություններին, որ Հայաստանում ո՛չ իշխանությունները, ո՛չ դիվանագիտական ներկայացուցչությունները պատշաճ կերպով չեն արձագանքել Արմավիր քաղաքում ռուս պատգամավորի կողմից տեղի ունեցած վանդալիզմին, այդպես չէ: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը բավականին կոշտ արձագանքով է հանդես եկել»,- ասաց Ալեքսեյ Սանդիկովը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ օրը խոսել է ՌԴ-ում Հայաստանի գլխավոր հյուպատոսի հետ, և պատրաստվում է մեկնել Արմավիր քաղաք՝ տեղի իշխանությունների հետ հարցը քննարկելու համար:

Ըստ նրա՝ Երևանում երեկ տեղի ունեցած միջադեպն ավելի է սրում հանրության և բոլորի ուշադրությունն Արմավիրում տեղի ունեցած դեպքի վրա, որպեսզի ավելի հետևողական լինեն ու դրան իրավական գնահատականներ տան:

«Ինքս էլ՝ որպես պատգամավոր, հետևելու եմ, որպեսզի Երևանում տեղի ունեցած վանդալիզմի հեղինակը պատժվի օրենքի ողջ խստությամբ, քանի որ, անկախ քաղաքական, պատմական ու ազգային վերաբերմունքից այս կամ այն գործչի հանդեպ՝ հուշարձան վնասելը, վանդալիզմի ակտ կատարելը պետք է դատապարտվի»,- շեշտեց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանում Գարեգին Նժդեհի անձի վերաբերյալ կան տարբեր ընկալումներ. «Ինքս փորձում եմ վերացական մոտենալ հարցին, ոչ թե կենտրոնանալով կոնկրետ Գարեգին Նժդեհի կամ Գրիբոյեդովի անձնավորության վրա: Այստեղ կարևորը երևույթն է, և կարևորն ընդհանուր սկզբունքն է մեր այս կամ այն գործչի հանդեպ»,- եզրափակեց Ա. Սանդիկովը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ներկել է Երևանում տեղադրված Գրիբոյեդովի արձանը:

Տեսանյութեր

Լրահոս