Արման Թաթոյանը Գևորգ Կոստանյանի գործի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Գևորգ Կոստանյանի վերաբերյալ գործով, որում ասված է.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները։

Սույն հայտարարությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանի իրավունքների ապահովման հարցին։

Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը հրապարակային տեղեկություն է տարածել այն մասին, որ Գևորգ Կոստանյանը ներգրավվել է մեղադրյալ և որ մեղադրանք առաջադրելու համար նա պետք է ներկայանա վարույթն իրականացնող մարմնին 48 ժամվա ընթացքում։ Այնուհետև, քննչական մարմինը հայտարարել է, որ Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և դատարան է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն:

Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրել է նաև Հատուկ քննչական ծառայության 2019 սեպտեմբերի 25-ի հրապարակային մանրամասն պարզաբանումները՝ կապված Մարտի 1-ի քրեական գործին Գևորգ Կոստանյանի առնչության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է նաև Գևորգ Կոստանյանի՝ լրատվամիջոցներին տրված մեկնաբանություններն ու պնդումները իր նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման վերաբերյալ։ Խոսքը, հատկապես վերաբերում է Գ. Կոստանյանի հրապարակային պնդումներին այն մասին, որ իրեն վերագրվող արարքի կատարման մեղադրանքն անհիմն է, քննչական մարմնի գործություններն ապօրինի են, խախտում են իր իրավունքները և իրականում 10 զոհերին դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու մեջ իրական մեղավոր անձանց բացահայտելու նպատակ չունեն։ Ըստ Գևորգ Կոստանյանի՝ իրականում քրեական հետապնդման մարմինն այս ուղղությամբ միջոց չի ձեռնարկում։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից։

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող հարցերը, դրանց առնչվող քրեական գործը մշտապես գտնվել և շարունակելու են գտնվել իր անմիջական ուշադրության ներքո։ Նշված քրեական գործին, իրականացվող քննության արդյունավետության ու բացահայտմանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարված Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում։

Այս գործը, դրան առնչվող հարցերը հասկանալի պատճառներով ունեն հանրային մեծ նշանակություն և զգայուն ընկալում հասարակությունում։ Դրանք սկզբունքային նշանակություն ունեն նաև մեր երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կայացման համար։

Նշված բոլոր գործոններն առավել մեծ պատասխանատվություն են դնում իրավապահ մարմինների ու դատարանի վրա՝ քրեական գործի քննության բարձր իրավական նշաձող ամրագրելով։ Քննությանը ներկայացվող իրավական չափանիշներն այս պարագայում առավել բարձր են՝ բացառելու համար որևէ տարընկալում և երաշխավորելու համար վստահություն քննության ընթացքի ու արդյունքների նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը հենց այս չափանիշներով էլ շարունակելու է ղեկավարվել՝ իր իրավասության սահմաններում Մարտի 1-ի քրեական գործի քննության նկատմամբ վերահսկողության հարցում։

Տեսանյութեր

Լրահոս