Բաժիններ՝

Տարին հաջողված էր մարմնամարզության հավաքականի համար. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 2019 թվականը որակեց հաջող:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնագետը խոսեց օրեր առաջ կայացած աշխարհի և Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունների մասին: «Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում մեր տղաներն արեցին այն, ինչին ունակ են: Ընդհանուր առմամբ, գոհ եմ գրանցված արդյունքներից: Ուժեղ պայքար էր, և մենք քիչ շանսեր ունեինք օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար»,-շեշտեց Սերոբյանը: Մարզչի խոսքով` Օլիմպիական խաղերի քվոտա ստանում է այն մարզիկը, ով հաղթում է գավաթի խաղարկության գոնե երեք փուլում:

Մարզչի խոսքով` Կոտբուսում կայացած խաղարկությունում հույսերն արդարացրեց Արթուր Ավետիսյանը, և անհաջող էր Արթուր Դավթյանի ելույթը: «Դավթյանը մեջքի ցավեր ուներ Վորոնինի գավաթի խաղարկությունում: Տեսնենք, թե ինչ կլինի, քանի որ Օլիմպիական տարին արդեն սկսվում է»,-առանձնացրեց նա:

Ամփոփելով 2019 թվականը՝ Սերոբյանն անցնող տարին համարեց հաջողված, քանի որ թիմն ունեցավ Եվրոպական խաղերի հաղթող և մեդալակիր: «Օլիմպիական խաղերին շատ լուրջ ենք նախապատրաստվելու: Ստացվեց այնպես, որ միայն մեկ ուղեգիր ունենք և ավելին չենք կարող անել: Բայց, եթե Արթուր Դավթյանի վնասվածքը լուրջ լինի, չենք թողնի առողջության հաշվին մասնակցել»,-ասաց նա:

2020 փետրվարին թիմը կարող է մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս