«Այսօր, բացի Ծառուկյանից, ո՞ւմ են ստուգում, այս երկրում միայն Ծառուկյա՞նն է սեփականատեր, ստուգելուն էլ ձև կա». Գագիկ Ծառուկյան

«Իմանալով Ծառուկյանի քաշն ու հզորությունը, նման բան որևէ մեկը ռիսկ չի անի ասել ինձ: Կարող եք բոլոր իշխանություններից էլ հարցնել, Ծառուկյանի դիրքը, կշիռն այնպես է եղել, իմ ելույթներից երևի տեսել եք, ինչպե՞ս կարող էր նման բաներ լինել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին տրված՝ մեծ աղմուկ հանած նվիրատվություններին և հարցին՝ արդյո՞ք իրեն ևս առաջարկել են այս կամ այն հիմնադրամին գումար նվիրաբերել, կամ երկու մեքենա նվիրել քաղաքապետարանին, որպեսզի իրեն «լավ աչքով» նայեն:

Ըստ նրա, գործարարները ցանկանում են իշանությունների հետ «քիպ» լինել, որպեսզի իրենց գործերը լավ լինեն:

«Հիմա այսօր որ նայում եք, բացի Ծառուկյանից, ո՞ւմ են ստուգում; Բոլոր իշխանությունների օրոք էլ ստուգել են՝ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, հիմա նորից ստուգում են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, հո չե՞մ ասում՝ մի՛ ստուգեք: Բայց ստուգելուն էլ ձև կա, այս երկրում միայն Ծառուկյա՞նն է սեփականատեր: Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, միայն Ծառուկյանի՞ն պետք է ստուգեն»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:

Նա վստահեցնում է՝ հեղափոխությունից հիասթափված չէ, քանի որ կյանքը շարունակվում է, և մարդը մշտապես պետք է հավատով լինի:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանին արված նվիրատվություններին, ապա Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ այդ հարցի հետ կապված ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, հարցը կուսումնասիրեն՝ կհասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս