«ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապերի այլընտրանքը չեն». Էրդողան
Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է, բայց նրա հետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Սպասվում է, որ Լոնդոնում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում կլինեն հարաբերությունները Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Մենք Չինաստանի հետ կառուցողական փոխգործակցություն ենք պահպանում՝ հիմնված փոխըմբռնման վրա: Ռուսաստանը նույնպես առաջատար գործընկերներից մեկն է միջազգային ասպարեզում: Բայց նրա եւ այլ երկրների հետ մեր հարաբերությունները դաշնակիցների հետ մեր հարաբերությունների այլընտրանքը չեն, այլ, ընդհակառակը՝ դրանց լրացումը»,-հայտարարել է Էրդողանը լրագրողներին Լոնդոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ: Նա նշել է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով իր գերակայություններով, որոնք բխում են նրա աշխարհագրական դիրքից: Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված «անվտանգության հովանոցը» շատ կարեւոր է Թուրքիայի համար:
«Բայց նաեւ պարզ է, որ դաշինքը նորացման կարիք ունի… ՆԱՏՕ-ն պետք է գործի շատ ավելի վճռական ու արդյունավետ, հատկապես ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքների դեմ հանդիման»,-հավելել է Թուրքիայի նախագահը: