
ԱՄՆ-ը կվերսկսի Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը. Reuters

ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել վերականգնել Լիբանանի կառավարությանը 105 մլն դոլարի հատկացումն անվտանգության կարիքների համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոնգրեսականի օգնականի:
Ավելի վաղ նոյեմբերի 1-ին գործակալությունը տեղեկացրել էր, որ Սպիտակ տունը կասեցրել է ռազմական աջակցությունը Լիբանանին: Նրա տվյալներով՝ Պետդեպարտամենտն այդ որոշման մասին Կոնգրեսին ծանուցել էր առանց նշելու դրա ընդունման պատճառները: Ինչպես գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրներ, այդ քայլը կարող է պայմանավորված լինել Լիբանանում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ:
Հոկտեմբերի 17-ին Լիբանանում սկսված բողոքի զանգվածային ակցիաները հոկտեմբերի 29-ին բերեցին Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին: Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանեցին խորհրդարանի նստաշրջանի անցկացումը Բեյրութում: Բողոքավորներն այժմ ձգտում են հասնել անցումային կառավարության ստեղծման, որը երկրում կնախապատրաստի ու կանցկացնի վաղաժամկետ ընտրություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: