«Պրոֆեսիոնալների» ժամանակը. Իսկ իշխող ուժի դիմում «պրոֆեսիոնալներ» չկա՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի փոխարեն երեկ նշանակվեց Ավետ Պողոսյանը։ Չնայած անգամ ՀԱԿ պաշտոնական կայքում նա ՀԱԿ վարչության անդամ է, սակայն քաղաքապետարանը հայտարարեց, որ նորընտիրն անկուսակցական է։ Պողոսյանը 2012-ին ՀԱԿ ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, հեղափոխությունից հետո նշանակվել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խորհրդական։
Նրան անկուսակցական ներկայացնելու պատճառը թերեւս Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ-ի կապի մասին քննարկումներն են, որոնց օրերս անդրադարձավ նաեւ վարչապետը եւ այդ կապը հերքելու համար անգամ «չարիք» անվանեց ՀՀ առաջին նախագահին։
Ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից Փաշինյանը հերքում է իր եւ ՀԱԿ առաջնորդի կապը, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրանց թիմից՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Ի՞նչ կապ ունի մարդկանց պրոֆեսիոնալիզմն այս կամ այն կապի հետ։ Քաղաքական կապ ունենալը մի բան է, որ չկա, այս կամ այն քաղաքական ուժի անդամին պաշտոն առաջարկելը՝ այլ»։
Այսինքն՝ ձեր թիմում չկան պրոֆեսիոնալներ, մանավանդ՝ նոր թաղապետին պրոֆեսիոնալ անվանելու համար հումորի մեծ զգացում պետք է ունենաս։ «Մեզ մոտ շատ պրոֆեսիոնալներ կան, բայց մենք խտրականություն չենք դնում ՀՀ քաղաքացիների մեջ, ովքեր պրոֆեսիոնալ են, կարող են այս կամ այն պաշտոնում արդարացնել, թող լինեն»։
Փաստորեն, միայն ՀՀԿ-ական պրոֆեսիոնալների՞ն եք բռնում։ «Ինչո՞ւ, իրենցից էլ մեզ մոտ կան պաշտոնների, եթե աշխատատեղեր ավելանան, գուցե էլի պրոֆեսիոնալների բերենք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: