Փաշինյանը Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է համարում. Նիկոլ Փաշինյանի խոսնակ. «Ազատություն»

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով ևս հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, չի հրավիրվել երեկ կայացած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների հետ։ Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Չի հրավիրվել։ Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա մայիսին 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող, աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»,- հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ հանդիպմանը մասնակցել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ներկա է եղել նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

Տեսանյութեր

Լրահոս