Բաժիններ՝

ՀՀ և Հորդանանի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով նախարար Սաֆադիին Հայաստան կատարած առաջին այցելության առիթով՝ Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ նշել է. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանում և ուրախ եմ այս հնարավորության համար: Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական առումներով: Ձեր երկիրը գրկաբաց է եղել մեր հայրենակիցների նկատմամբ, և մեզ միավորում է կողք կողքի ապրելու պատմությունը, պետական մակարդակով միասին աշխատելու փորձառությունը: Մենք ունենք շատ խոստումնալից օրակարգ, և հավատացած եմ, որ առաջ կգնանք այն առավել ընդլայնելու ուղիով»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հորդանանի ԱԳ նախարարի այս այցով նոր էջ կբացվի հայ-հորդանանյան բարեկամական հարաբերությունների պատմության մեջ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման և տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:

Համագործակցության հեռանկարների համատեքստում ընդգծվել է առևտրատնտեսական, գիտակրթական, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում գործնական քայլերի ձեռնարկումը, անմիջական դերակատարների ներգրավմամբ համար համապատասխան հարթակների ձևավորումը:

Երկուստեք բարձր է գնահատվել Հորդանանի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ակտիվությամբ աչքի ընկնող և երկու երկրների միջև կապող օղակ հանդիսացող հայ համայնքի դերակատարությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական գործընթացների շուրջ: Նախարար Մնացականյանն Այման Սաֆադիին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրն առավոտյան Այման Սաֆադիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս