ԱԳ նախարարը Թուրքիայի վարած քաղաքականությունում ու գործողություններում սպառնալիք է տեսնում

Հայաստանը հավատարիմ է իր դիրքորոշմանն ու պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն թուրքական կողմից նկատում է լրիվ այլ ուղղությամբ վարվող քաղաքականություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի ներկայիս իշխանության շրջանակում արդյո՞ք առկա են փոփոխություններ՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների՝ առանց նախապայմանների, սակայն դրա համար 2 կողմ է պահանջվում, իսկ երկրորդ կողմի քաղաքականությունը աշխատում է ամբողջովին այլ ուղղությամբ: Թուրքիայի սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, իր գործողություններով և հռետորաբանությամբ»,-ասաց Մնացականյանը:

Նախարարը նկատեց՝ մեր աչքի առաջ տեղի ունեցողը, Հայաստանի՝ շարունակվող շրջափակումը, Թուրքիայի կողմից հարաբերություններ հաստատելու ցանկության կամ որևէ քայլի բացակայությունը, Ադրբեջանին ռազմական-քաղաքական անվերապահ աջակցությունը ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում, արտահայտում են Հայաստանի համար անվտանգային սպառնալիք: Թուրքիայի կողմից սպառնալիքը բխում է իրականացվող քաղաքականությունից, գործողություններից և հռետորաբանությունից: Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտել է և մնում է դրան հավատարիմ:

Անդրադառնալով Ցյուրիխի արձանագրություններին՝ նախարարը նշեց, որ արձանագրությունները մերժել է հենց Թուրքիան, իր հավատարմությունն իր իսկ ստորագրություններին ձախողել է հենց Թուրքիան: Նախարարը շեշտեց՝ այդ ամենը գոնե տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, ոչ թե հարյուր տարի առաջ: Միջազգային հանրությունը ևս ականատես է եղել այդ զարգացումներին:

Տեսանյութեր

Լրահոս