Կլասիկոյի օրը «Մադրիդի» անվտանգությունը երաշխավորված չէ
Կլասիկոյին մնացել է ավելի քիչ, քան երեք շաբաթ, բայց կազմակերպիչները դեռ չեն կարող երաշխավորել խաղի անվտանգությունը. «Ռեալը» և «Բարսելոնան» դեռ չեն ստացել պաշտոնական հաստատումներ անվտանգության ծառայություններից, որ ոչինչ չի խանգարի հանդիպման բնականոն ընթացքին: Մադրիդցիներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով, հատկապես այն իրավիճակով, որը նախորդելու է խաղի մեկնարկին:
Երկու ակումբներն էլ մշտական կապի մեջ են իրավապահների ներկայացուցիչների հետ, բայց դեռևս լուծում չի գտնվել այն խնդրին, որը հանգեցրել է Կլասիկոյի՝ հոկտեմբերից դեկտեմբեր տեղափոխվելուն: Տեղի են ունենում նաև տարբեր հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը փորձում են գտնել օպտիմալ լուծում, ինչը թույլ կտա Կլասիկոյի անցկացումը պահել բարձր մակարդակի վրա:
Խաղի անվտանգ անցկացման հիմնական խոչընդոտը քաղաքական և դատական դեպքերն են, որոնք սպորտից հեռու են, բայց սոցիալական մեծ ազդեցություն ունեն։ Օրինակ՝ իսպանական գաղտնի ծառայություններն ունեին փաստաթղթեր, որոնք նշում էին, որ Կլասիկոյի ժամանակ տրիբունաներում նրանք պատրաստվում էին կախել դրոշը, որը պահանջում էր երկխոսություն կենտրոնական իշխանության հետ։
Կատալոնիայում տեղի իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն տարածել, և շատ բան կախված կլինի բողոքների կապակցությամբ նրանց դիրքորոշումից։ Այժմ տեղական իշխանությունները լռում են՝ դրանով իսկ բարձրացնելով Կլասիկոյի շուրջ անորոշության աստիճանը:
«Ռեալը» շարունակում է հավատարիմ մնալ իր նախնական ծրագրին, ըստ որի՝ թիմը կանգ կառնի «Կամպ Նոուի» հարևանությամբ գտնվող հյուրանոցում (մարզադաշտից 800 մետր հեռավորության վրա), բայց ակումբը որոշել է ոչ թե գիշերել Բարսելոնայում, այլ՝ ժամանել այնտեղ խաղի օրը՝ ճաշից քիչ առաջ: Օդանավակայանից մեկնումն իրականացվելու է անմիջապես թռիչքուղուց, և ոչ թե տերմինալի միջով, ինչպես սովորաբար լինում է մադրիդյան թիմի դեպքում:
Մադրիդը մտավախություն ունի, թե արդյո՞ք թիմը կկարողանա առանց խոչընդոտի հասնել «Կամպ Նոու»։ Կա հավանականություն, որ ցուցարարները կարող են մի քանի օրով փակել ավտոճանապարհները կամ Բարսելոնայի որոշ փողոցներ: Այն ավտոբուսը, որով «սերուցքայինները» կուղևորվեն մարզադաշտ, շատ խոցելի է, ուստի մուտքի ճանապարհները պետք է մաքրվեն խաղի մեկնարկից մի քանի ժամ առաջ:
Հնարավոր տարբերակներից մեկը, որը կապահովի անվտանգության պատշաճ մակարդակը, կրկնել այն սցենարը, որով Մադրիդում անցկացվեց «Լիբերտադորեսի» գավաթի եզրափակիչը․ ընդլայնվեց անվտանգության պարագիծը, և մուտքը թույլատրվեց միայն տարածքի բնակիչների կամ նրանց համար, ովքեր հանդիպման տոմսեր ունեին: Մեկ այլ հնարավոր լուծում է ճանապարհի մեկ հատվածը մաքրելը, ինչպես սովորաբար արվում է օլիմպիական խաղերի ժամանակ կամ պետության ղեկավարի ժամանելիս․ նման դեպքերում անվտանգությունն առաջնային է:
«Կամպ Նոուում» իրավիճակը, կարծես, ավելի վերահսկելի է. Մարզադաշտում անվտանգությունը հյուրընկալող կողմի պարտականությունն է, և ակումբի ղեկավարությունը շահագրգռված է ապահովել այն:
Սիրարփի Աղաբաբյան