
Դիլիջանում շանը կրակելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՔԿ

Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
« Նախապատրաստված նյութերը Դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով: Ուղարկվել է նաև դեպքի վերաբերյալ «ECONEWS.AM» լրատվական կայքի համապատասխան հրապարակումը` դրանում նշված՝ դեպքին վերաբերող հանգամանքները ևս քննության առարկա դարձնելու համար»,- գրել է Աբրահամյանը:
Վերոհիշյալ հոդվածը վերաբերում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքին:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է,ր որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը, ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել: Կատարվում է հետաքննություն: