«Մենք զինվորի՞ կարիք ունենք, թե՞ փողի, մի հատ դա էլ հասկանանք». Վազգեն Սիսլյան
Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն մասին օրենսդրական փոփոխությունների նախագիծ:
Ըստ պատգամավորի՝ դա կկարգավորի մինչև 27 տարեկան պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հարցը, կնպաստի օտար երկրներից հայ երիտասարդների ներգաղթին:
Ներկայացված օրինագծով առաջարկվում է մեկամսյա արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն, որի դիմաց ՀՀ պետական բյուջե պետք է վճարեն 10 միլիոն դրամ: «Իմքայլական» պատգամավորի մեկնաբանությամբ՝ 1 ամսվա հատուկ արագացված ընթացակարգով ծառայության ընթացքում երիտասարդը կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում, կպարտավորվի նաև ներկայանալ բոլոր զորահավաքներին:
Պատգամավորի կարծիքով՝ օրինագիծն ընդունվելու դեպքում բանակը չի թուլանա, հակառակը՝ չծառայող քաղաքացիները կվճարեն 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձը:
«Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր Հայկ Սարգսյանը:
168.am-ը «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանն այն վիճակում է, որ բանակում ծառայելը կարող է լինել ոչ պարտադիր:
«Բանակում պարտադիր չծառայելը շատ մեծ սխալ կլինի: Նման պայմաններում բանակը լրիվ դատարկվելու է: Այնպես որ, կարծում եմ՝ առաջիկա 20-25 տարիներին պարտադիր ծառայությունը մնալու է: Մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, Թուրքիային էլ չմոռանանք: Բանակում ծառայելը ոչ միայն պարտադիր, այլև մշտական պետք է լինի: Այսինքն, քաղաքացին տանը նստած էլ պետք է մտածի դիրքերի մասին: Իշխանություններն այսօր պետք է այնպես անեն, որ քաղաքացին միշտ պատրաստ լինի պատերազմին: Նախկին իշխանություններն էլ 25 տարի, կարելի է ասել՝ ոչինչ չարեցին, իսկ այսօրվա իշխանությունները… չգիտեմ… նման ծրագրերը ժողովրդին կամաց-կամաց հեռացնում են իրենցից: Բոլորին խնդրում եմ՝ աբսուրդ նախագծերով չդիպչել բանակին: Մեկը գիշերը երազ է տեսնում, առավոտյան վեր է կենում, ինչ-որ նախագիծ է ներկայացնում: Չգիտեմ, թե 10 միլիոնը որտեղից է բերված, մեկ ամիսը՝ որտեղից: Արդյո՞ք ինքը պատկերացնում է, թե մեկ ամիս զինվոր պատրաստելն ինչ է: Մենք զինվորի՞ կարիք ունենք, թե՞ փողի, մի հատ դա էլ հասկանանք»,- պատասխանեց Վազգեն Սիսլյանը:
Անի Կարապետյան