«Մեկ ամսում զինվոր չես կարող պատրաստել. եթե փող է պետք, թող փող ուզեն, ամիսը մեկ մի մարաթոն կազմակերպեն». Վազգեն Սիսլյան
«Սա ինձ համար անհասկանալի և անընդունելի նախագիծ է, չեմ կարծում, որ բյուջեի խնդիր է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու նախագծի մասին, ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
Հիշեցնենք՝ պատգամավորի ներկայացրած օրինագծով նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, մեկ ամիս հատուկ, արագացված ընթացակարգով ծառայի զինված ուժերում, սովորի բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, ապա հաշվառվի կոնկրետ զորամասում և տա զինվորական երդում՝ պարտավորվելով ներկայանալ բոլոր զորահավաքներին:
«Հույս ունեմ, որ այս նախագիծը չի անցնելու, այսինքն՝ վստահ եմ: Սա դեմ է բանակի կառուցվածքին, և հետո, 10 միլիոնը մարդկանց համար խաղալիք չէ, մեկ ամիս ծառայելն էլ ծիծաղելի է: Հո տուրի՞ստ չէ: Կամ պետք է ծառայի, կամ՝ ոչ: Այսօր պետությունը պարտավոր է լավացնել բանակի վիճակը, որ երիտասարդը, անկախ իրավիճակից՝ դրսից գա, նորմալ ծառայի ու գնա: Նույնիսկ կարելի է հատուկ պայմաններ ստեղծել այլ երկրներում ապրող հայերի համար: Ասենք՝ գոնե մեկ տարի ծառայի մանր ինչ-որ գումարներ վճարելով՝ տուգանքի թե նվիրատվության տեսքով: 50 հոգի եկավ, 10 միլիոն դրամ վճարեց բյուջե, դա ի՞նչ է փոխելու. ոչ մի բան, բայց անհատի համար գումար է:
Օրինակ՝ Բեյրութում ապրող երիտասարդի համար 10 միլիոն վճարելը բարդ է, հազիվ են աշխատում, ես լավ գիտեմ: ԱՄՆ-ի, Եվրոպայի պարագայում այլ է: Բայց չէ՞ որ այդ 10 միլիոնը երկնքից չեն բերելու: Իսկ մեկ ամսում զինվոր չես կարող պատրաստել, նույնիսկ երեք ամսում հնարավոր չէ: Զինվոր դառնալու համար նվազագույնը 6 ամիս է անհրաժեշտ: Եվ գոնե սահման գնա, իրավիճակ տեսնի: Կոնկրետ թող հարց դրվի. եթե փող է պետք, թող փող ուզեն, ամիսը մեկ մի մարաթոն կազմակերպեն: Այո՛, ուզողը կգա, շատ երիտասարդներ են իրենց կամքով եկել, ծառայել ու շատերն էլ ծառայում են: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեկ միլիոն զինված մարդ կար, չէ՞»,- ասաց Վազգեն Սիսլյանը:
Անի Կարապետյան