Սամվել Կարապետյանը, օգտվելով Սահմանադրության՝ իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ

Ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ հ Սամվել Կարապետյանը ցուցմունք չի տա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի և գործարար Վահե Պարազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով: Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը:

«Սամվել Կարապետյանին ծանուցում է ուղարկվել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ, սակայն Կարապետյանը հայտնել է, որ ինքը գտնվում է ՌԴ-ում և չի կարող ներկայանալ, բացի այդ, ցանկանում է օգտվել Սահմանադրության՝ իր իրավունքից, և հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասաց ՔԿ խոսնակը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանին ծանուցում է ուղարկվել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք է առաջադրվել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին:

Գործարար Վահե Պարազյանը հայաստանյան որոշ լրատվամիջոցների պատմել էր, թե բռնության է ենթարկվել Նարեկ Կարապետյանի կողմից, քանի որ հրաժարվել է վճարել 10 միլիոն եվրո:

Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր իր մասնակցությունը որևէ նման միջադեպի՝ ասելով, որ իրեն ուղղված մեղադրանքները բանսարկություն են:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս