««Լուսավոր Հայաստանը» սուպերվարչապետական համակարգի հարցում ավելի շատ է քննադատում Կառավարությանը և խորհրդարանին». Վլադիմիր Վարդանյան

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկում են ԱԱԾ տնօրենի և Ոստիկնապետի պաշտոններում նշանակել քաղաքացիական անձի, նշեց, որ, եթե հաշվի առնեն զինվորական լինելու չափանիշը, ապա Սահմանադրության առումով ՀՀ նախագահը չի կարողանա նման նշանակումներ կատարել:

«Այս պարագայում ո՞վ է նշանակելու այդ մարմինների ղեկավարներին, եթե դրանք վարչապետին ենթակա մարմիններ են, պետք է նշանակի վարչապետը, բայց այս պարագայում կրկին հարց է առաջանում առ այն, թե արդյո՞ք դրանով ավելի չենք ընդգծում վարչապետի ինստիտուտը:

Գիտեք, որ «Լուսավոր Հայաստանը» սուպերվարչապետական համակարգի հարցում ավելի շատ է քննադատում Կառավարությանը և խորհրդարանին: Մենք իսկապես անկեղծ փորձել ենք որոնել լուծումներ և որոշակի լուծումներ առաջարկել էինք նաև ԼՀԿ-ին և մյուս գործընկերներին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ նրա, եթե ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոններում լինեն քաղաքացիական անձինք, ապա մեխանիզմը դառնում է անհասկանալի, որի պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ բարեփոխում անելու փոխարեն՝ համակարգն ավելի են խարխլում։

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի հաջորդ առաջարկին, ըստ որի՝ ցանկանում են բարձրացնել խորհրդարանական վերահսկողությունը, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ չի ցանկանում, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծվի, թե իրենք չեն ցանկանում բարձրացնել խորհրդարանական վերահսկողության դերը, բայց այստեղ շատ կարևոր է սահմանադրական ավանդույթների ձևավորումը:

Նա նաև նկատեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ում չի եղել մի դեպք, երբ խմբակցություններից որևէ մեկը ցանկություն հայտնի հանդիպել պետական պաշտոնյայի հետ և մերժվի:

«Այս ամենն օրենքի մակարդակի բարձրացնելը սխալ է, քանի որ դրանով մենք խարխլում ենք օրենսդիր-գործադիր հարաբերությունները: Երբ մենք խոսում ենք խորհրդարանական վերահսկողությունից, սա նշանակում է հետևյալը, որ Ազգային ժողովն իր հանձնաժողովների միջոցով իրականացնում է վերահսկողություն»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս