«Հայաստանը շարունակում է մնալ վարչապետական երկիր». Էդմոն Մարուքյանը՝ ԼԿՀ-ի ներկայացրած նախագիծը մերժելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնում քաղաքացիական անձ  նշանակելու նախագծում քաղաքականացման հարց չկա:

«Իշխանություններն առաջարկել են, որպեսզի տեղակալների պաշտոնները նույն ձևով լինի, այսինքն՝ ազատականացվի և հնարավոր լինի, իսկ մենք առաջարկել ենք, որ պայմանն ընդունելի կլինի, եթե ԱԺ կանոնակարգ օրենքում՝ խմբակցությունների իրավունքների բաժնում, մեկ կետ ավելացվի, որով խմբակցության գրության հիման վրա՝ Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները գան խմբակցություններ և պատասխանեն անդամների հարցերին»,- շեշտեց Մարուքյանը և տեղեկացրեց, որ իրենց նախագծի հետ կապված դեռևս կոնսենսուս չկա:

Նրա խոսքով, եթե իշխանությունների առաջ քաշած պայմանի հետ չհամաձայնեն, ապա իրենց փաթեթն ամբողջությամբ կմերժեն:

«Մենք բանակցում ենք, որպեսզի մեր առաջարկությունն ընդունվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Քիչ անց նա տեղեկացրեց, որ իրենց նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր՝ մերժվել է:

«Այն համակարգը, որը շարունակում է մնալ՝ հնարավորություն չի տալու այդ մարմինները բարեփոխելու համար, մեր մտահոգությունները շարունակում են ուժի մեջ մնալ: Բնականաբար, նոր նախագիծ կբերենք: ԱԱԾ և ոստիկանապետի պաշտոնների հետ կապված Սահմանադրական փոփոխությունների նախագիծ կբերենք, որը միտված կլինի Կառավարությանը՝ խորհրդարանին ավելի հաշվետու դարձնելու և այդ մարմիններում բարեփոխումներ իրականացնելու համար»,- տեղեկացրեց նա:

Նրա բնորոշմամբ հայտարարված խորհրդարանական երկիրը բովանդակային իմաստով կյանքի չի կոչվում, շարունակում է մնալ վարչապետական երկիր, որտեղ խորհրդարանն ունի ցածր դերակատարություն, ավելին՝ գործադիր իշխանությունը շարունակում է մնալ դոմինանտ:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր նախագիծ, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս