«Այդ ինչպե՞ս է եղել, որ քաղաքապետարանին նվերներ են տվել այն անձինք, որոնք գործ են ունեցել՝ քաղաքի հետ կապված». Էդմոն Մարուքյան
«Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն ռիսկերով շինթույլտվություն տալու մասով ԱԺ քննիչ հանձնաժողով կազմելու գործն ընթացքի մեջ է: Մեր մասով ստորագրահավաքը սկսել ենք, հետո կդիմենք ԲՀԿ-ին, եթե չեմ սխալվում, անհրաժեշտ է 37 ստորագրություն»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է Երևանի քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց.
«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց»,- գրել էր նա։
Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետը պատճառ չունի չընդունելու ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հրավերը՝ ուղիղ եթերում միասին հանդես գալու վերաբերյալ:
«Իրենք ասում են, թե ճիշտ են, որևէ կոռուպցիա չկա, հիմա այդ ամենը կարելի է քաղաքակիրթ ու ժողովրդավարական մշակույթին հարիր բանավեճի վերածել: Այդ բանավեճում ով չկարողանա իր խոսքերն ապացուցել, նա էլ կհամարվի պարտված»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Նա հարց բարձրացրեց, թե այդ ինչպե՞ս է եղել, որ քաղաքապետարանին նվերներ են տվել այն անձինք, որոնք գործ են ունեցել՝ քաղաքի հետ կապված: Այսինք՝ չկա որևէ երրորդ անձ, որը նվեր է տվել ու տարածք ու շինթույլտվություն չի ստացել, ուստի այս առումով կասկածներ ունեն, որոնք փարափելու համար Երևանի քաղաքապետը պետք է գնա ուղիղ եթեր և իր ճշմարիտ լինելն ապացուցի:
Զվարթ Խաչատրյան