«Նիկոլ Փաշինյանը նպաստում է, որ նման հարձակումները կրկնվեն». Անժելա Թովմասյան

«Ընդհանուր առմամբ նման գործերի համար երկու ամիսը բավարար է՝ նախաքննությունն ավարտելու և գործը դատարան ուղարկելու համար: Պարզվում է՝ Քննչական կոմիտեի համար երկու ամիսը բավարար չէր, նրանք անգամ մեղադրանք չեն առաջադրել խուլիգանության ու խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար»,- անդրադառնալով երկու ամիս առաջ «Հայելի» ակումբի դեմ իրականացված գործողությունների ընթացքին՝ ասաց «Հայելի» ակումբի և ակումբի նախագահ Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանն ու իր վստահորդը շաբաթ օրն են եղել Քննչական կոմիտեում՝ հասկանալու համար, թե ինչ ընթացք ունի գործը, ու պարզել են, որ գործի քննությունը, իրենց խոսքով, անգործության է մատնված:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը վարույթն իրականացնող մարմնին, այս դեպքում՝ Քննչական կոմիտեի համապատասխան բաժնին, միջնորդություն է ներկայացրել ակումբի վրա հարձակումը խուլիգանություն որակելու, խտրականություն ցուցաբերելու և «Հայելի» ակումբին ևս գործում տուժող ներգրավվելու մասին:

«Պահանջել էինք, որ տուժող ճանաչեին ոչ միայն Անժելա Թովմասյանին, այլև «Հայելի» ակումբին, քանի որ ակումբին պատճառվել է և՛ նյութական, և՛ բարոյական վնաս»,- ասաց Փոստանջյանը:

Իրենց միջնորդությունների մասին քննիչն ասել է, թե բավարար հիմքեր չկան միջնորդությունն այս պահին քննելու համար, ու այն կքննեն, երբ բավարար ապացույցներ ունենան:

«Մենք Քննչական կոմիտեի գործողություններն անբավարար ենք գնահատում,  նրանք մատնված են խորը անգործության: Ես սա դիտարկում եմ՝ որպես ուղղորդված անգործություն, քանի որ գլխավոր դատախազը տեղյակ է այս ամենին»,- ասաց Փոստանջյանը:

Փաստաբանը վստահ է, որ, եթե նույն արարքն իրականացվեր «Հայկական Ժամանակ» թերթի նկատմամբ, ապա քրեական գործ կհարուցվեր խուլիգանության, խտրականության և լրագրողների գործին միջամտելու մասով, նախաքննությունն արդեն ավարտված կլիներ, հարձակվողները կալանավորված կլինեին, ու մեղադրական դատավճիռ վաղուց կլիներ: Նրանց կարծիքով՝ սա ևս խտրական վերաբերմունքի ապացույց է:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի համար իրավիճակն ավելի քան բնական է, քանի որ, ըստ նրա՝ իշխանությունները հենց ամենասկզբից որդեգրել են լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունք:

«Այս հարձակումը միայն «Հայելի» ակումբի դեմ չէր: Սրանով ցույց էին տալիս, թե ինչ կարող են անել բոլոր այն լրատվամիջոցների դեմ, որոնք իրենց ոչ հաճո թեմաների մասին են խոսում»,- ասաց Աղասի Ենոքյանը:

«Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը վստահ է, որ գործի հնարավորին չափ ձգձգումն իշխանական պատվեր է: Նպատակն էլ արարքին հնարավորինս թույլ ձևակերպումներ տալն է՝ հուսալով, որ, ի վերջո, կդադարեն հետևանքների մասին մտածել:

«Քննիչի հետ խոսելիս՝ ասում ենք՝ ամեն  ինչ եղել է աչքի առջև, ասում է, թե՝ մենք բավարար փաստեր չունենք»,- ասում է ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը՝ հավելելով, որ քննիչն իր հետ խոսելիս անհարմար վիճակում է եղել, անգամ գլուխը վերև չի բարձրացրել:

Ըստ Թովմասյանի՝ եղածին չարձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպաստում է, որ նման գործողություններ հետագայում ևս լինեն:

«Գոնե մի հարցում մեր վարչապետը շատ ազնիվ է, երբ ասում է, որ՝ «Ձեզ սիրում եմ», միայն մի տարբերությամբ, ինքն այս պարագայում սիրում է խուժանին ու խուլիգանին»,- նկատում է Անժելա Թովմասյանը ու վստահեցնում՝ այս գործը հենց այնպես չի փակվելու:

«Հայելի» ակումբի դեմ իրականացված հարձակման մասին փաստաբանը ԵԽԽՎ-ի և ԵԽ-ի հատուկ կայքին, որտեղ անդամ պետություններն իրազեկում են խոսքի ազատության ու լրագրողների նկատմամբ ոտնձգության արգելքների մասին, հաղորդում է ներկայացրել: Այսօր կայքում նշված է, որ հարձակվողները գործող իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի մերձավորներն են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը, ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը:

Ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված՝ «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Դրանից հետո «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը հաղորդում էր տվել հարձակման մասին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս