«Եթե անձն իրավախախտում է առաջացրել, նրան պետք է հեռացնեն, այլ ոչ թե պարգևատրեն». Տարոն Սիմոնյանը՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով, եթե Սահմանադրական դատարանի դատավորներն անվստահություն են ներշնչում, ինչպես ասում են իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ապա նրանց ոչ թե պետք է վաղաժամ թոշակի ուղարկեն, այլ առաջնորդվեն օրենքով նախատեսված նորմերով:
«Ցանկացած իրավախախտում պետք է առաջացնի իրավական հետևանքներ, այլ ոչ թե՝ խրախուսում, եթե անձն իրավախախտում է կատարել, նա ճիշտ դատավոր չէ, այդ մարդուն պետք է հեռացնեն իր պաշտոնից, այլ ոչ թե փող տան ու ասեն՝ գնա վայելիր քո երիտասարդությունը: Ինչո՞վ եք հիմնավորում կամ տրամաբանում այն փաստը, որ ֆիքսում ենք, թե անձինք վստահության պակաս ունեն, ու ասում՝ եկեք նրանց գումար տանք, գնան կյանքը վայելեն»,- ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում նշեց Տարոն Սիմոնյանը, որտեղ քննարկում է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը:
Պատգամավորի մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ համապատասխան գործընթաց չեն սկսում անվստություն ներշնչող ՍԴ դատավորներին աշխատանքից հեռացնելու համար, փոխարենը՝ նրանց պարգևատրում են՝ հեռանալու պահանջով:
Զվարթ Խաչատրյան