ԵԱՀԿ-ի գործող նախագահը պատմել է Ուկրաինայում իրադրության կարգավորման գերակայության մասին
Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման հրատապ գերակայությունը մարտերի դադարեցումն է Դոնբասում: Այդ մասին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այդ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս շաբաթ Բրատիսլավայում սկսվող նիստի նախօրեին։
«Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման հրատապ գերակայությունը մարտերի դադարեցումն է Դոնբասում: Մենք սպասում ենք, որ Ռուսաստանն այդ նպատակին հասնելու համար ակտիվորեն կօգտագործի իր ազդեցությունը Դոնեցկի ու Լուգանսկի վրա: Մենք չենք կարող հաշտվել այն բանի հետ, որ մարդիկ, ներառյալ քաղաքացիական բնակչությունը, 21-րդ դարի Եվրոպայում զոհվում են զինված հակամարտության ընթացքում: Մինսկի համաձայնագրերի կատարումն անփոխարինելի դեր է խաղում այդ ջանքերում»,-ասել է Լայչակը:
Դիվանագետի խոսքով՝ Սլովակիան, որպես Ուկրաինայի հարեւան, խիստ շահագրգռված է, որ այն դառնա ժողովրդավարական, կայուն եւ բարգավաճող պետություն: Նրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը միջազգային հանրակցության կողմից ճանաչված սահմանների շրջանակում անհրաժեշտ նախապայման է այդ նպատակին հասնելու համար: «Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հաջորդ քայլը լինելու է տարածաշրջանի վերաինտեգրացումը, որը ենթադրում է, որ տեղի բնակչությունը կապրի արժանավայել պայմաններում եւ լիովին կօգտվի իր իրավունքներից»,-ընդգծել է Լայչակը: