«Դուք և Ձեր իշխանությունը վստահո՞ւմ եք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին». Էդմոն Մարուքյանը՝ Արդարադատության նախարարին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիտում անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադաստանից հետաքրքրվեց՝ երբ ասում են, որ ժողովուրդը չի վստահում այս Սահմանադրական դատարանին և Հրայր Թովմասյանին, իրենց իշխանությունը և ժողովուրդը վստահո՞ւմ են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:
«Ձեր իշխանությունը վստահո՞ւմ է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հաշվեքննիչ պալատի նախագահ Սերժ Սարգսյանի ընկեր Լևոն Յոլյանին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Գյումրիում բոնուսներով և կեղծիքներով ընտրված Սամվել Բալասանյանին… այս ցանկը կարող եմ շարունակել: Կա երկու տարբերակ՝ կամ ասում եք, որ այդ մարդկանց վստահում եք, կամ՝ ինչո՞ւ նախագծեր չեք բերում, որպեսզի իրենց էլ «փուռը տաք», գնան, որպեսզի նրանց տեղերում նորմալ, ժողովրդի վստահությունը վայելող մարդիկ նշանակվեն»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:
Մինչ նախարարի պատասխանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն արձագանքեց Էդմոն Մարուքյանի հարցադրումներին՝ նշելով, որ զարմանալի է վերջինիս կողմից նման հարցերի բարձրաձայնումը:
«Իմ գնահատմամբ՝ սա նախագծի քննարկման հետ կապ չունի, կոնկրետ նախագիծ ենք քննարկում, որի հիմնավորումները կցված են դրան»,- ասաց Սուրեն Գրիգորյանը և նշեց, որ չի պատրաստվում արձագանքել Մարուքյանին:
Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ խորհրդարանը քաղաքական մարմին է, որտեղ ցանկացած որոշում, որն ընդունում են, ունի քաղաքական ենթատեքստեր ու հիմնավորումներ: Այս նախագծի և Սահմանադրական դատարանի խնդրի հետ կապված եղել են բազմաթիվ քաղաքական հայտարարություններ:
«Զարմանում եմ, որ թիրախավորել եք ՍԴ-ն և ասում եք, թե այնտեղ ճգնաժամ կա, ու ժողովուրդը չի վստահում, և այլն, սա՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և մեր մյուս գործընկերներին դատապարտող դատավորները հենց հիմա աշխատում են: Թիրախավորել ենք կոնկրետ ՍԴ-ին, որտեղ քաղաքական որևէ հիմնավորում չկա: Այս նախագիծը վստահությանն ուղղված կարկատան է, և ավելի կարևոր ինստիտուտներ կան, որոնց վստահությունը պետք է վերականգնել: ՍԴ-ում ճգնաժամ չկա»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը: