Բաժիններ՝

Բացահայտվել է Վանաձորում բարեկամների միջև տեղի ունեցած դանակահարությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:

2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի թափանցող կտրած-ծակած վնասվածք, լյարդի միջանցիկ վնասվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձորի քաղաքի 1996թ. ծնված երիտասարդ: Նույն ժամանակ «որովայնի երկու ծակած-կտրած չթափանցող» վնասվածք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել նաև երիտասարդի հայրը՝ ծնված 1969թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են հոր և որդու հագին եղած հագուստները:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Վանաձոր քաղաքի 1996թ. ծնված երիտասարդը, իրեն հայհոյելու համար, դանակով հարվածել է հասակակցին և վերջինիս հորը՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 01:50-ին, մեղայականով ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի՝ 1996 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս