Սան Պաուլուում ինը մարդ է զոհվել երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ինը մարդ է զոհվել, յոթը՝ տուժել երեկույթի ժամանակ առաջացած հրմշտոցի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Գործակալության տվյալներով՝ հրմշտոցը տեղի է ունեցել հինգ հազար մարդու մասնակցությամբ երկեույթի ժամանակ երկու տղամարդու ձերբակալելու ոստիկանության փորձերի հետեւանքով, որոնք նրանց խոսքով՝ խախտել էին կարգը Պարաիզոպոլիսի շրջանում: Ոստիկանությունում հայտնել են, որ կասկածյալները մոտոցիկլետով փախել են աշխատակիցներից եւ կրակ բացել ոստիկանների վրա, ինչից հետո փորձել են թաքնվել շրջանում տեղի ունեցող երեկույթի մասնակիցների մեջ: Ոստիկաններն ի պատասխան օգտագործել են ռետինե գնդակներ եւ քիմիական միջոցներ: Տեղի ունեցածի հետեւանքով ներկաների շրջանում խուճապ է սկսվել եւ հրմշտոց է առաջացել: Ոստիկանությունը հետաքննություն է կատարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: