Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում մոլորված քաղաքացիներին փրկարարները օգնություն են ցուցաբերել
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 17:44-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սուրբ Հովհաննես սրբավայրում՝ մատուռում գտնվող քաղաքացիները մթության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել: Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռից քաղաքացիներին՝ Արմեն (ծնված 1983 թ.), Վաղարշ (ծնված 2010 թ.) և Ռուզաննա (ծնված 2015 թ.) Բ.-երին, Գոհար Գ.-ին (ծնված 1983 թ.) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային։ Քաղաքացիները տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև մեկնել Երևան։
Փրկարարները հանդիպել են մոլորված մյուս քաղաքացիներին՝ Ղարիբ Ս.-ին (ծնված 1997 թ.), Եղսիկ Բ.-ին (ծնված 1936 թ.) և փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել իրենց ավտոմեքենային։