«Մենք գերադասում ենք ապրել եվրոպակա՞ն տիպի երկրում, թե՞ ասիական կամ աֆրիկյան տիպի երկրում». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սահմանադրական դատարանը՝ ժողովրդավարության գլխավոր բաստիոն

Մի՞թե օրենսդրական նախաձեռնությունները, որոնց արդյունքում Սահամանադրական դատարանը հայտնվում է քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ, կարելի է համարել դատաիրվական բարեփոխումներ:

Արդարադատության նորաթուխ նախարարը գիտակցո՞ւմ է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախաձեռնության անվերականգնելի վնասը պետականությանը և դրա իրավաքաղաքական հետևանքներում սեփական քաղաքական պատաասխանատվությունը:

Գիտակցո՞ւմ է արդյոք Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը, կամ առնվազն նրա իրավաբանական կրթություն ունեցող հատվածը, ցանկացած նպատակով կամ քաղաքական անհրաժեշտությամբ իշխանությունների տարանջատման և հակակշռման սահմանադրական սկզբունքի տապալման հետևանքները և դրանցում սեփական քաղաքական պատասխանատվությունը:

Արդյո՞ք վարչապետը պատրաստ է Սահմանադրության և սահմանադրականության հիմնարար սկզբունքների խախտման գնով հասնել իշխանության բոլոր թևերի վրա սեփական անվերապահ իշխանության հաստատմանը:

Այս հարցերի պատասխանը հանրությունը, համենայնդեպս նրա մտածող և ժողովրդավարության ապագայով մտահոգ հատվածը, կստանա Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում:

Առանց չափազանցության կարող ենք փաստել, որ մեր հասարակությունը այսօր կանգնած է «իրավական և ժողովրդավարական Հայաստա՞ն», թե՞ «ավտորիտար Հայաստան» ընտրության առջև, ընտրություն, որի հետևանքներն ունենալու են ճակատագրական նշանակություն մեր պետականության ապագայի համար:

Պատկերավոր ասած առաջիկայում կորոշվի՝ մենք գերադասում ենք ապրել եվրոպական տիպի երկրո՞ւմ, թե՞ ասիական կամ աֆրիկյան տիպի երկրում:

Անկեղծ ասած, նշվածը հասարակության ընտրություն էլ չի կարելի համարել, քանի որ նրա փոխարեն և նրա անունից այդ ընտրությունը փորձում է կատարել օրվա իշխանությունը:

Մեր պետության ապագան, առանց սխալվելու հավանականության, կարող ենք պնդել, այսօր կախված է բացառապես Սահմանադրական դատարանի դատավորների սեփական քաղաքացիական առաքելության գիտակցումից և բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պաարտավոր են սատար կանգնել նրանց:

Այսօր Սահմանադրական դատարանը դարձել է Հայաստանում ժողովրդավարության գլխավոր բաստիոնը:

Կկարողանա՞ն Սահմանադրական դատարանի դատավորները դիմակայել իշխանությունների այս աննկարագրելի ճնշմանը, ուրեմն հույս կլինի, որ ժողովրդավարական ապագա և քաղաքակիրթ երկիր կառուցելու մեր շանսերը կպահպանվեն:

Ցավոք, ներքին զարգացումների բերումով Սահմանադրական Դատարանը հայտնվել է պետականության կայացման գործընթացում որակապես այլ, ինչ-որ իմաստով պատմական, առաքելության իրականացման պարտադրանքի առջև, ինչն ավելին է, քանց հանրային կյանքում այն դերակատարումը, որը վերապահված է այդ կառույցին Սահմանադրությամբ:

Համոզված եմ, որ ժամանակը կտա Սահմանադրական դատարանի դատավորների սեփական քաղաքացիական առաքելության գիտակցման իրական գնահատականը:

Ի դեպ, իշխանությունները դեռ կարող են դեպի բացարձակ ավտորիտար ռեժիմ գլորվելու ընթացքը կասեցնել»:

Տեսանյութեր

Լրահոս